Նոյեմբերի 26-ին Փարիզում Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ստանձնել է 84 անդամ, ասոցացված և դիտորդ պետություն ու կառավարություն միավորող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ԱԳ նախարարների համաժողովի նախագահությունը։ Համաժողովի ավարտին Մադագասկարի ԱԳ նախարար Անրի Ռաբարի-Նձական Էդվարդ Նալբանդյանին է փոխանցել Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովի նախագահությունը։
«Այս պահին, երբ Հայաստանը ստանձնում է Ֆրանկոֆոնիայի Նախարարական համաժողովի նախագահությունը, հպարտության զգացում եմ ապրում Հայաստանի հանդեպ ցուցաբերված այս պատվի համար։ Մեկ անգամ ևս ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել Ֆրանկոֆոնիայի պետությունների և կառավարությունների ղեկավարներին Ֆրանկոֆոնիայի XVII գագաթնաժողովի անցկացումը մեր երկրին վստահելու համար,- ասել է Նալբանդյանը՝ շարունակելով. - Մենք գիտակցում ենք, թե ինչպիսի վիթխարի աշխատանք է մեզ սպասում։ Առաջին հերթին, հարկավոր է ապահովել գագաթնաժողովի հաջողությունը՝ կազմակերպական առումով։ Այս ուղղությամբ ակնկալում ենք սերտորեն համագործակցել Մադագասկարի նախագահության, Ձեզ հետ, տիկի՜ն գլխավոր քարտուղար, Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների և կառավարությունների հետ»։ Նա շնորհակալություն է հայտնել Մադագասկարի իր գործընկերոջը՝ նշելով, որ այսուհետ Հայաստանին և Մադագասկարին միացնում են պատմական ու խորհրդանշական կապեր։
«Ֆրանկոֆոնիայի Նախարարական համաժողովի նախագահությունը Դուք ստանձնեցիք Հայաստանում, և այսօր արդեն Դուք եք այդ նախագահությունը փոխանցում Հայաստանին, էլ չասած, որ հենց Անտանանարիվուում որոշում կայացվեց Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթնաժողովը Երևանում անցկացնելու վերաբերյալ,- ասել է ԱԳ նախարարն ու շարունակել.- Ակնկալում ենք նաև համատեղ և մշտական աշխատանք իրականացնել Թունիսի հետ, որին Հայաստանը փոխանցելու է մեր Կազմակերպության հաջորդ գագաթնաժողովը կազմակերպելու պատիվն ու արտոնությունը։ Մենք հենց այսպես ենք ընկալում համագործակցությունը մեր ֆրանկոֆոն ընտանիքի ներսում։ Մենք մտադիր ենք համատեղ աշխատանք իրականացնել բոլորիդ հետ՝ Երևանի գագաթնաժողովի հաջողությունն ապահովելու համար, քանի որ այս գագաթնաժողովի հաջողությունը մեր բոլորի հավաքական հաջողությունն է, մեր ֆրանկոֆոն ընտանիքի ընդհանուր հաջողությունը։ Այսպիսով, Ֆրանկոֆոնիայի 34-րդ նախարարական համաժողովը հայտարարում եմ փակված»։