ԵԱՏՄ անդամակցությունից հետո Հայաստանում ուղիղ ներդրումները նվազել են, «Ելք» խմբակցության` ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու մասին ԱԺ հայտարարության նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ նշեց «Ելքի» անդամ Արամ Սարգսյանը:
«2013-ին, երբ ՀՀ-ն դեռ ԵԱՏՄ անդամ չէր, ուղիղ ներդրումները 597 մլն դոլար էին կազմում: 2014-ին, ԵԱՏՄ մտնելուց մեկ տարի հետո ուղիղ ներդրումները 347 մլն դոլար էին, 2015-ին՝ 245 մլն, 2016-ին՝ 168 մլն դոլար, իսկ այս տարվա ցուցանիշը դեռ հրապարակված չէ»,- նշեց նա՝ ընդգծելով, որ պետության գրավչությունը հասկանալու համար ամենաէական ցուցանիշը երկրում կատարված ներդրումներն են: Արամ Սարգսյանն ընդգծեց, որ ներդրումների նվազման պատճառը ԵԱՏՄ-ն է և ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները: Հայաստանի տնտեսական գրավչության անկումը պայմանավորված է ԵԱՏՄ փակ լինելու հանգամանքով։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները նույնպես հարված են հասցրել ԵԱՏՄ-ին և բացասական հետևանքներ ունեցել Հայաստանի տնտեսական վիճակի վրա։ «Այդ պատժամիջոցները շարունակվում են։ Եվ մենք ավելի ու ավելի հաճախ ենք զգում մեզ վրա դրանց հետևանքները։ Ես իրոք կարծում եմ, որ մենք 2 տարուց դուրս կգանք այդ կազմակերպությունից կամ այն առհասարակ չի լինի»։
Նա նշեց, որ ԵԱՏՄ անդամակցության 4 տարիներն արդեն կորցրած են և ընդգծեց, որ ԵԱՏՄ-ում գործող ավանդույթները հարազատ են դառնում ՀՀ համար: «Նազարբաևը ցմահ նախագահ է, Լուկաշենկոն օրենք է ընդունել և կրկին ցմահ նախագահ է, ու կմնա ինչքան ուզում է: ՌԴ-ում էլ փաստացի այդպես է, և ես տենդենց եմ տեսում, որ մեր երկրում էլ դրան է գնում»,- ասաց նա: