Այն դիրքորոշումը, որը երեկ «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Ժելեզնյակն ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, արտահայտում է իրենց կուսակցության տեսակետն ու համահունչ է ՌԴ իշխանական տեսակետին: «Դա է Ռուսաստանի պաշտոնական տեսակետը»` ՀՀԿ և «Միասնական Ռուսաստան» կուսակցությունների նախաձեռնած կլոր սեղանի հերթական փուլից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սերգեյ Ժելեզնյակը։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նա ընդգծել էր, որ ՌԴ իշխող կուսակցությունը կողմ է հարաբերությունների և համագործակցության զարգացման «և, և»-ի, այլ ոչ թե «կամ, կամ»-ի քաղաքականությանը: Հայաստանն այդ համատեքստում է զարգացնում իր հարաբերությունները ՌԴ-ի և ԵՄ-ի հետ, ուստի, ըստ Սերգեյ Ժելեզնյակի, տեսակետները, որ տարբերվում են այդ դիրքորոշումից, չեն արտահայտում ՌԴ պաշտոնական և իշխող քաղաքական ուժի մոտեցումները: «Ռուսաստանը միշտ առավելագույն համագործակցության կողմնակիցն է ու կողմնակից է այն ներուժի օգտագործմանը, որն ունի ցանկացած սուվերեն պետություն: Հայաստանն ունի բոլոր հնարավորություններն ու իրավունքները, որ օգտագործի զարգացման ներուժը և այն կողմում, որը կապված է ՌԴ-ի հետ, և այն կողմում, որը կապված է ԵՄ-ի հետ»,- նշեց նա։
Սերգեյ Ժելեզնյակն ընդգծեց, թե փաստաթղթերում հստակ ամրագրված է, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրը որևէ կերպ չի կարող խանգարել պայմանավորվածություններին, որ արդեն կան։ «Անվտանգության համատեղ ապահովման, հումանիտար, տնտեսական ոլորտներում մենք ոչ միայն շարունակելու ենք համագործակցել, այլև՝ խորացնելու ենք մեր համագործակցությունը»,- վստահեցրեց Սերգեյ Ժելեզնյակը։
Անդրադառնալով «Զվեզդա» հեռուստաալիքի ռեպորտաժին՝ նա ասաց, թե Ռուսաստանը, ինչպես Հայաստանը, ժողովրդավարական երկիր է ու ցանկացած մարդ կարող է ունենալ իր կարծիքը: «Մի բան է, երբ դա մասնավոր կարծիք է, մեկ այլ բան է, երբ դա ասում է պետական գործիչը։ Ես խորհուրդ կտամ հիմք ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակի հայտարարությունները, ՌԴ ԱԳՆ-ի տեսակետը, ՌԴ կառավարության տեսակետը ու ընդհանրապես, ՌԴ պետական մարմինների հայտարարությունները, որոնք կարող են ներկայացնել Ռուսաստանի պաշտոնական տեսակետը»,- հորդորեց նա։ «Զվեզդա» հեռուստաընկերության հաղորդավար Վերոնիկա Կրաշենիննիկովան ՀՀԿ զինանշանը համեմատել էր ֆաշիստական Գերմանիայի խորհրդանշանի հետ և ասել, որ Հայաստանը, անսպասելիորեն ԵՄ է մտնում: