Եվրախորհրդարանի կեղտոտ փողերի լվացման, հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարի կոմիտեում (PANA) հանրային լսումներ են եղել` Սլովենիայի NLB ֆինանսական խմբի գործունեության, «Ադրբեջանական լվացքատան» շուրջ:
Քննարկմանը մասնակցել են Եվրախորհրդարանի անդամներ, լրագրողներ, իրավապաշտպաններ: Եվրախորհրդարանի անդամ Աննա Գոմեսը նշել է, որ Ադրբեջանում ռեժիմն իսկապես զբաղվել է փողերի լվացմամբ, և դա հասել է նաև Եվրախորհրդարան: Դրա արդյունքն է տխրահռչակ զեկույցը ընտրություններին հետևելու մասին, որը պատրաստել էին Եվրոպական խորհրդարանի անդամները:
Transparency International իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Կառլ Դոլանն ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար կոռուպցիան արտահանում են և Եվրոպայում սասանում ժողովրդավարությունը:
Քննարկմանը մասնակցող դանիական Berlingske պարբերականի լրագրող Եվա Յունգը նշել է, որ իրենք ներկայացրել են եվրոպացի քաղաքական գործիչների ցուցակը, որ Բաքվի ռեժիմից փող են ստացել: Նա հավելել է, որ իրենք կշարունակեն Ադրբեջանին հետևել և կփորձեն ավելի շատ մանրամասներ պարզել: Նրա խոսքով՝ կան մեծ թվով քաղաքական գործիչներ և ազդեցիկ անձինք, որ Ադրբեջանից կաշառքներ են ստացել, նրանց անունները դեռևս հստակեցված չեն: Դանիացի լրագրողները նշել են, որ այն ամենը, ինչ հրապարակվել է Ադրբեջանի դեպքում, «այսբերգի միայն երևացող մասն է»: