Ադրբեջանն ու Ռուսաստանը մեծ մասամբ տարբեր քաղաքական շահեր ունեն` ասել է Ադբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը՝ իր առաքելության ժամկետի սպառման կապակցությամբ հրաժեշտի ուղերձում, փոխանցում է Haqqin.az-ը։
«Ռուսաստանն ու Ադրբեջանը երկրներ են, որոնք տարբերվում են իրենց չափերով, մտածողությամբ, մշակույթով։ Մենք մեծ մասամբ տարբեր քաղաքական շահեր ունենք։ Այդուհանդերձ, մենք սովորել ենք լեզու գտնել իրար հետ»,- ասել է նա։
Դիվանագետը հիշեցրել է, որ Ադրբեջան է ժամանել 9 տարի առաջ, ստանալով քաղաքական հստակ հրահանգ՝ ամրապնդել հարաբերությունները Ադրբեջանի հետ։
«Անցած տարիներին ինձ բախտ է վիճակվել ականատես ու մասնակից դառնալ բազմաթիվ կարևոր իրադարձությունների, ընդլայնվել է ռուս- ադրբեջանական գործընկերությունը, որի հիմքում միմյանց ինքնիշխանության հանդեպ բացարձակ հարգանքն է, չմիջամտելն ու շահերի հավասարակշռումը։ Մենք սովորել ենք ավելի լավ հասկանալ իրար, գնահատել դրականը, որ եղել է մեր հարաբերություններում անցյալում ու կառուցել համագործակցությունը՝ ժամանակի նոր պահանջներին համահունչ»,- շեշտել է Վլադիմիր Դորոխինը՝ հավելելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների ամրապնդման կուրսը Ադրբեջանում ամուր հիմքեր ունի։