Երկամսյա դադարից հետո Հյուսիսային Կորեան անցած գիշեր բալիստիկ հրթիռի 11-րդ փորձարկում իրականացրեց: Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունը տեղեկացրեց վաղ առավոտյան` մանրամասնելով, որ արձակված հրթիռը միջմայրցամաքային էր և կրում էր «Հվասոն 15» անվանումը:
Արևմտյան աղբյուրների համաձայն, հյուսիսկորեական հրթիռը օդում է գտնվել 53 րոպե, վայր է ընկել ծովում` Ճապոնիայի հյուսիսում գտնվող Աոմորի գավառի ափամերձ շրջանից քիչ հեռու: Փհենյանի այս գործողությանն առաջիններից մեկն արձագանքեց Վաշինգտոնը: Սպիտակ տանը շտապ հրավիրված խորհրդակցության ավարտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասաց․ «Քիչ առաջ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռ է արձակվել: Մենք կզբաղվենք այդ խնդրով: Այժմ այստեղ է նաև պաշտպանության նախարար գեներալ Մաթիսը, և մենք բավական երկար քննարկում ենք անցկացրել այս հարցի շուրջ: Սա մի իրավիճակ է, որը մենք հանգուցալուծելու ենք»:
Ջեյմս Մաթիսի խոսքով, անցած գիշերվա իրադարձությունները վկայում են, որ Փհենյանը նոր հաջողություններ է արձանագրել հրթիռային զինանոցի զարգացման հարցում․ «Մոտ երկուսուկես ժամ առաջ Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակեց: Պետք է խոստովանել, որ այս հրթիռը, ի տարբերություն նախորդ փորձարկվածների, շատ ավելի մեծ բարձրության վրա հայտնվեց: Դա Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների մշակման և զարգացման հարցում գործադրած ջանքերի վկայությունն է: Նրանք շարունակում են ստեղծել բալիստիկ հրթիռներ, որոնք հիմնականում կարող են հարվածել աշխարհի ցանկացած կետի»:
Արևմտյան վերլուծաբանները համոզված են, որ Վաշինգտոնի անհանգստությունը իզուր չէ: «Եթե այդ հրթիռի թռիչքը ընթանա նախապես ծրագրված հետագծով, ի վիճակի կլինի հարվածել ԱՄՆ տարածքում գտնվող ցանկացած թիրախի»,- նշել է միջուկային հարցերով փորձագետ Դեյվիդ Ռայթը: Հյուսիսային Կորեայի անմիջական հարևանները հրթիռի փորձարկումից անմիջապես հետո դիմեցին կտրուկ քայլերի: Հյուսիսկորեական «Հվասոն 15» հրթիռը դեռ օդում էր, երբ Հարավային Կորեայի բանակը հրթիռային հարվածներ հասցրեց ուսումնական թիրախներին: Ճապոնիայի իշխանությունները դիմեցին հակազդեցության դիվանագիտական միջոցների: Վարչապետ Սինձո Աբեն Տոկիոյում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց․ «Մենք պահանջում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ գումարել: Միջազգային հանրությունը պետք է շարունակի վճռականորեն Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներ սահմանել»:
Չինաստանի ԱԳՆ-ն ևս կոչ է արել պաշտոնական Փհենյանին զերծ մնալ Հեռավոր Արևելքում իրադրությունը ապակայունացնելու փորձերից: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում Հյուսիսային Կորեայից բալիստիկ հրթիռների արձակման վերաբերյալ հստակ դրույթներ կան: Չինաստանը լրջորեն մտահոգված է Հյուսիսային Կորեայի գործողություններից և կոչ է անում Փհենյանին հետևել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջներին`զերծ մնալով կորեական թերակղզում իրադրության հետագա սրացումից»,- նշել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:
Մոսկվան ևս կոչ է արել Հյուսիսային Կորեայի իշխանություններին դադարեցնել բալիստիկ հրթիռների փորձարկումները: Կեսօրին հայտարարություն է արել ԱԳՆ-ն ` կոչ անելով նաև Հարավային Կորեայի իշխանություններին հրաժարվել դեկտեմբերի սկզբին լայնածավալ ռազմաօդային զորավարժություններ անցկացնելու մտադրությունից: