ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մշակվել և 2015 թվականից իրականացվում է «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական մրցույթը: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, երիտասարդներին ներգրավել Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներ և նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
2017 թվականից մրցույթը դարձել է համահայկական, և մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդները կամ հեղինակային խմբերը:
Մրցույթի անցկացման համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով ստեղծվել է «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի կազմկոմիտե և հաստատվել է Կազմկոմիտեի անհատական կազմը։
2017 թ.-ին մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝
1) Գյուղատնտեսական գիտություններ, բիոտեխնոլոգիա,
2) Կենդանի համակարգեր (բժշկություն, կենսատեխնոլոգիա, դեղագիտություն, կենսատեխնոլոգիական լուծումներ բժշկության համար, կենդանի համակարգերի հետազոտման կենսատեղեկատվական և համակարգչային մեթոդներ, նանոտեխնոլոգիաներ),
3) Ճշգրիտ գիտություններ (մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա, ճշգրիտ ճարտարագիտություն՝ բարձր ճշգրտությամբ կամ գիտատարության բարձր մակարդակով բնորոշվող օպտիկական, էլեկտրոնային, մեխանիկական և մեքենաշինական մշակումներ):
2017 թ.-ի դեկտեմբերի 4-ին Երևան քաղաքում կկազմակերպվի Մրցույթի եզրափակիչ փուլ անցած լավագույն նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների ցուցահանդես-ներկայացում, ապա փորձագիտական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում տեղի կունենա նախագծերի պաշտպանություն (ներկայացման ձևով) հեղինակների (հեղինակային խմբերի) կողմից: Նիստի ավարտին Հանձնաժողովը, ըստ հաստատված անվանակարգերի, կհրապարակի նախագծերի վերջնական գնահատականները և կներկայացնի դրանք Կազմկոմիտեին, որը կամփոփի Հանձնաժողովի գնահատականները, և հաղթող կճանաչվեն առավելագույն գնահատականների արժանացած երեք նախագծերը: Այնուհետև տեղի կունենա Մրցույթի ամփոփման հանդիսավոր արարողությունը: Մրցույթի հաղթողները կստանան առաջին, երկրորդ և երրորդ կարգի խրախուսական պարգևներ և հավաստագրեր: