Սպիտակ տան անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին պաշտոնապես մեղադրանք առաջադրվեց՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյին խաբելու փորձերի համար: Մեղադրանքն առաջադրվել է հատուկ հետաքննության շրջանակներում, որն անցկացնում է Ռոբերտ Մյուլերը: Նա պետք է պարզի` Ռուսաստանը միջամտե՞լ է 2016-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին:
Ֆլինը մեղադրվում է «գիտակցված և կանխամտածված» խաբեության մեջ և առաջիկայում պետք է դատարանի առաջ կանգնի: Նա Թրամփի ամենաբարձրաստիճան մերձավորներից է, ում մեղադրանք է առաջադրվում Մյուլերի հետաքննության շրջանակներում: Մայքլ Ֆլինը Դոնալդ Թրամփի խորհրդական աշխատել է ընդամենը 24 օր և հրաժարական է տվել, երբ հայտնի է դարձել, որ սուտ վկայություններ է տվել ռուս դիվանագետների հետ շփումների վերաբերյալ:
Թրամփի նախընտրական շտաբի ու Ռուսաստանի ներկայացուցիչների միջև հնարավոր կապերի և ԱՄՆ ընտրություններին Մոսկվայի հնարավոր միջամտության հետաքննությամբ զբաղվում են ԱՄՆ Կոնգրեսի հատուկ հանձնաժողովը, Հետաքննությունների դաշնային բյուրոն և հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը:
ԱՄՆ հատուկ ծառայությունները համոզված են՝ հենց ՌԴ իշխանություններն են կանգնած դեմոկրատական կուսակցության և այդ կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական թիմի կայքերի վրա հաքերային հարձակումների հետևում՝ նպատակ ունենալով ազդել ընտրությունների ընթացքի վրա: Մոսկվան հերքում է բոլոր մեղադրանքները: