ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանթա Փաուերը միացել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովին: Դեսպան Փաուերը ընտրող հանձնաժողովի մյուս անդամների հետ ընտրելու է 1 միլիոն դոլարի «Ավրորա» ամենամյա մրցանակի դափնեկիրներին: «Մենք չափազանց ոգևորված ենք՝ ողջունելու դեսպան Փաուերին «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովում: Համաշխարհային ասպարեզում իր մեծ փորձառությամբ նա հիանալի գործունեություն է ծավալել՝ աջակցելով զարգացող երկրներին և պաշտպանելով աշխարհում ամենակարիքավոր մարդկանց շահերը,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:- Հպարտ ենք, որ նա ուսումնասիրելու է «Ավրորա» մրցանակի թեկնածությունները և օգնելու է ուրվագծել «Ավրորա» մրցանակի ապագան»:
«Ավրորա» մրցանակը և դրա դափնեկիրներն ապացուցում են, որ ոչ միայն կարևոր է հիշել անցյալի վայրագությունները, այլև մեզնից յուրաքանչյուրն ունի ներուժ՝ աջակցելու նրանց, ովքեր ներկայում փրկում են մարդկանց կյանքը,- ասել է Փաուերը:- Ինձ համար մեծ պատիվ է լինել մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ, որը նպատակ ունի մեծարման արժանացնել նրանց, ովքեր, կրելով բազում դժվարություններ, օգնում են այլոց, և ունեն կամք կուտակելու և պահպանելու մարդկային բարությունը նույնիսկ խիստ դժվարին պայմաններում»: