Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռուբեն Շուգարյան. Հայաստանը ձգտում է լինել քաղաքակիրթ, նոր արժեքային համակարգի մի մաս

Ռուբեն Շուգարյան. Հայաստանը ձգտում է լինել քաղաքակիրթ, նոր արժեքային համակարգի մի մաս
02.12.2017 | 15:25

1991-1992 թթ. ՀՀ նախագահի օգնական, ԱԳ նախկին փոխնախարար և Իտալիայում Հայաստանի նախկին դեսպան, 2009-ից Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Շուգարյանի խոսքով՝ ապրիլյան պատերազմից հետո մենք ունենք բոլոր հիմքերը, որ ապացուցենք ու պահանջենք ընդունել, որ ղարաբաղյան հակամարտությունը տարբերվում է մյուս հակամարտություններից: Tert.am-ի հետ զրույցում նա մանրամասնել է իր տեսակետը․ղարաբաղյան հիմնահարցը տարբերվում է և հետխորհրդային երկրների, և Արևելյան Եվրոպայի, և այլ վայրերի հակամարտություններից` խնդիրը ոչ միայն ժողովրդի ինքնորոշման իրավունքի յուրացումն է, կամ տարածքային ամբողջականությունը, այլ ուղղակի փրկության հարց կա: Նա կարծում է, որ միայն Հայաստանից չի կախված Ադրբեջանի նկատմամբ տրամադրությունների փոփոխությունը, բայց, որպեսզի միջազգային հանրությունը կարողանա ճշգրիտ արձագանքել և իր դիրքորոշման մեջ որոշակի ճշտումներ մտցնել, պետք է Հայաստանը որոշակի լրամշակումներ անի իր գործողություններում: Փոփոխություններ արդեն կան, և միայն Ադրբեջանի հետ չեն կապված։ Փոփոխություններ կան միջազգային քաղաքականության արժեքային համակարգի մեջ: Որոշակի վերագնահատումներ են արվում: «Միջազգային հանրության քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ փոխվել է մի քանի ասպեկտներով: Նախ` ապրիլյան պատերազմից հետո իրավիճակ փոխվեց․այստեղ ուշադրության է արժանանում, թե ինչպես կատարվեց այն: Արդեն ինչ-որ ձևով ակնհայտ դարձավ Ադրբեջանի քաղաքականությունը: Այն համեմատվում է աշխարհում կատարվող ահաբեկչական խոշոր գործողությունների հետ, և դա ալիևյան վարչակազմի ոճն էր․ ռազմագերիների հետ վարվելը, հանցագործությունը դարձել էր Ադրբեջանի պետական քաղաքականությունը: Ես նշել եմ՝ սկսած Սաֆարովի հանցագործությունից, շարունակած Ալիևի հայտարարություններով՝ Ստեփանակերտում օդանավակայանի բացման առիթով և վերջացրած ապրիլյան պատերազմով, ամբողջը գործընթաց էր․ապրիլյան պատերազմը այդ գործընթացի գագաթնակետն էր: Սա մի ուղղություն է, որտեղ միջազգային հանրությունը սկսեց դանդաղ փոխել իր քաղաքականությունը»` ասում է Ռուբեն Շուգարյանը: Նա նշում է, որ առաջ կար «կեղծ հավասարության նշան»: Այդ «կեղծ չեզոքությունը» վտանգավոր է և արդեն ցույց է տվել հետևանքները: Չեզոքությունն ինչ-որ չափով փոխվեց ապրիլյան պատերազմից հետո․ հետաքննման մեխանիզմների ներդրման, վստահության մեխանիզմներ ստեղծելու առաջարկները դա են վկայում: Անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում որոշ շեշտադրումներ փոխվեցին: Միջազգային հանրության փոփոխության երկրորդ ասպեկտն այն է, որ Ադրբեջանի ներքին կյանքում խնդիրներ կան․ քաղբանտարկյալներ, լրագրողների ձերբակալություններ և այլն: Միջազգային հանրության կարծիքի փոփոխման պատճառ է նաև կոռուպցիան, որ արդեն այլ անդրադարձ է պահանջում: Դա նոր երևույթ է: Արևմուտքի վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ սկսում է փոխվել: Մենք տեսնում ենք, թե ինչպիսի հոդվածներ են հայտնվում միջազգային մամուլում Ադրբեջանի մասին: Համակարգային փոփոխություն կա Արևմուտքի վերաբերմունքի մեջ՝ Ադրբեջանի նկատմամբ: Մենք պետք է հասկանանք, որ այսօրվա աշխարհում խնդիրները ոչ թե և ոչ միայն որոշվում են ավանդական իրավական նորմերով, այլ նոր համակարգով: Վերցնենք, օրինակ, ամերիկյան քաղաքականությունը Մերձավոր Արևելքում․ կատարվել են այնքան բացթողումներ, որովհետև հույսները դրել են կեղծ կայունության կամ տնտեսական, կարճաժամկետ կամ միջնաժամկետ շահի վրա, արդյունքում` վտանգվել է ավելի կարևորը, ճգնաժամային իրավիճակ է ստեղծել, համագործակցել են բռնապետների հետ, կամ մտածել են, որ կարելի է համագործակցել նույնիսկ ամենակոռումպացված առաջնորդների հետ, եթե նրանք ապահովում են կայունություն: Հիմա նույն իրավիճակը, իհարկե, ավելի փոքր մասշտաբով կարող է ղարաբաղյան հիմնախնդրի դեպքում լինել: Հիմա վերագնահատում է տեղի ունենում, և այսօրվա արժեքային քաղաքական համակարգում մենք տեսնում ենք, որ դանդաղ կատարվում են փոփոխություններ վերաբերմունքի մեջ: Այստեղ արդեն անհրաժեշտ է, որ և Հայաստանը, և Ղարաբաղը շարունակեն ապացուցել, որ քաղաքակիրթ աշխարհի մաս են կազմում:


ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը չափազանց մեծ նշանակություն ունի հենց քաղաքակիրթ աշխարհի մաս դառնալու հարցում: Հայաստանյան փորձագետների մի մասը համարում է, որ ստորագրումը դրական քայլ էր, մյուս մասը նկատում է, որ համաձայնագրում բացակայում է ազատ առևտրի մասը, բայց մոռանում է, որ կարևորը հենց համաձայնագրի ստորագրման փաստն է․ Հայաստանը կարողացել է Եվրամիության հետ միասին գործընթացը հասցնել դրական արդյունքի:
Չնայած մենք, երբեմն, հոռետես ենք լինում, այնուամենայնիվ, կարողանում ենք դիվանագիտական հաջողություններ ունենալ: Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը, եթե չասեմ «և-և»-ի հաղթանակն է, կասեմ, որ, իրոք, հաջողություն է, որովհետև Հայաստանը դառնում է ԵԱՏՄ անդամ միակ երկիրը, որն ունի համագործակցության համաձայնագիր ԵՄ-ի հետ, և միաժամանակ Հայաստանը ԵՄ-ի հետ սկսում է մի գործընթաց, որն իր համար բացում է լայն հնարավորություններ. և այն ոչ թե այլընտրանք է, այլ ուղղակի ճանապարհ է` մեր ապագան կառուցելու մի քիչ ուրիշ ձևով: ԵՄ-ի հետ Համաձայնագրի ստորագրումն իսկապես ուղարկում է կարևոր ուղերձ, որ Հայաստանը ձգտում է լինել քաղաքակիրթ, նոր արժեքային համակարգի մի մաս:


Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Եվրամիության միջև համաձայնագրի ստորագրմանը, Ադրբեջանի ներքին քաղաքական իրադրությունը շատ վատն է: Մենք, երբեմն, տեսնում ենք այնտեղ քաղաքացիական հասարակության կողմից շատ լուրջ պոռթկումներ, դա տեսնում է նաև միջազգային հանրությունը, և այդ իրավիճակում ես չեմ կարծում, որ Ադրբեջանը կարող է մտածել մեծ քայլերի կամ փոփոխությունների մասին: Եվրամիությունը կամ այլ եվրոպական կազմակերպություններն անմիջական պատասխանատուները չեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի համար, ԵԱՀԿ Մինսկի խումբն է պատասխանատուն, բայց, իհարկե, դա շատ կարևոր է, և մեծ ազդեցություն ունի: Եվ չի կարող այդ մթնոլորտը, այդ միտումը, և այն, որ Հայաստանը արդեն նոր կարգավիճակով է հանդես գալիս միջազգային ասպարեզում, չեն կարող ազդեցություն չունենալ հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Հիմա մենք կարող ենք ակնկալել նոր վերաբերմունք: Իհարկե, այստեղ մենք նաև պետք է աշխատենք Ռուսաստանի հետ, որ «խանդի տեսարաններ» այլևս չստեղծվեն, դա արդեն ժամանակի ընթացքում կարող է հօգուտ մեզ օգտագործվել, որովհետև Ռուսաստանն էլ պետք է գիտակցի, որ այս կարգավիճակով Հայաստանը շատ ավելի հուսալի և շատ ավելի ուժեղ գործընկեր կարող է լինել, քան թուլացած վիճակով: Ռուբեն Շուգարյանը կարևորում է բանակցությունների շարունակումը` համարելով լրացուցիչ երաշխիք, որ Ադրբեջանը գոնե մի քիչ ավելի զուսպ կլինի իր քայլերում: Եվ այն, որ նախագահների հանդիպումներից հետո լինում են փոխհրաձգություններ, Ադրբեջանը հարձակվում է, լինում են զոհեր, դրանք նյարդային, հոգեբանական հարձակումներ են: Հանդիպումներն անհրաժեշտ են, նույնիսկ եթե այսօր բովանդակային խնդիր չեն լուծում կամ շոշափելի առաջընթաց չեն ապահովում: «Մեզ անհրաժեշտ է զուգահեռ գործընթաց: Մենք պետք է անդրադառնանք համեմատաբար նոր միջազգային նորմին՝ անջատում կամ սուվերենություն հանուն փրկության: Դա գոյություն ունի 2000-ից հետո՝ այն ժամանակվա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ելույթից հետո, դա կիրառվել է Կոսովոյի հակամարտության դեպքում՝ ճանաչում՝ հանուն փրկության:


Մենք գոնե վերջին շրջանում՝ ապրիլյան պատերազմից հետո, ունենք բոլոր հիմքերը, որ ապացուցենք, որ պահանջենք` ղարաբաղյան հակամարտությունը տարբերվում է մյուս հակամարտություններից: Տարբերվում է և հետխորհրդային երկրների, և Արևելյան Եվրոպայի, և այլ վայրերի հակամարտություններից, որ այստեղ խնդիրը ոչ միայն ժողովրդի ինքնորոշման իրավունքի յուրացումն է կամ տարածքային ամբողջականությունը, այլ այստեղ ուղղակի փրկության հարց կա: Ենթադրենք՝ Վրաստանում կա հակամարտություն Հարավային Օսիայի կամ Աբխազիայի հետ, բայց այնտեղ չկա ֆիզիկական ոչնչացման սպառնալիք, և ոչ միայն այդ գոտում, այլ թեկուզ այլ մի չեզոք վայրում, ինչպես եղավ, օրինակ, Գուրգեն Մարգարյանի դեպքում՝ Բուդապեշտում, երբ Ռամիլ Սաֆարովը կացնահարեց նրան: Պետք է միջազգային հանրությանը ցույց տանք, որ այսօր Ադրբեջանը քարոզում է հանցագործություն, և երբ բռնությունը դառնում է պետական քաղաքականություն, երբ մարդասպանները պարգևատրվում են նախագահի կողմից, արդեն ֆիզիկական ոչնչացման սպառնալիք է առաջանում:


Այդ քաղաքականությունը պետք է ձևավորվի ոչ միայն մեր ԱԳՆ-ում, այլև այլ կառույցներում, ինչպես, օրինակ, արվում է Արցախում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից․Ռուբեն Մելիքյանը միջազգային հանրությանը ներկայացնում է ապրիլյան պատերազմի ժամանակ եղած հանցագործությունները»` եզրակացնում է Ռուբեն Շուգարյանը: Նա ընդունում է, որ առանց փոխզիջման որևէ լուծում հնարավոր չէ, և փոխզիջումը չի էլ կարող լինել մեկ կողմից, դա հնարավոր չէ: Եթե խոսեինք փոխզիջումների մասին ապրիլյան պատերազմից առաջ, դա այլ կարգավիճակ կլիներ: Ապրիլյան պատերազմից հետո շատ փոփոխություններ են եղել, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է գնա փոխզիջումների: Մադրիդյան սկզբունքներին զուգահեռ պետք է առաջ քաշել սուվերենություն կամ անջատում՝ հանուն փրկության սկզբունքը: Այդ ժամանակ մենք ստիպված չենք լինի քննարկել փոխզիջումները․ դրանք կվերաբերեն արդեն մյուս փուլին: Առաջնայինը նոր կարգավիճակ ձեռք բերելը կլինի, և հետո արդեն այդ կարգավիճակից, միջազգային հանրության կողմից նոր մոտեցումից հետո կարելի կլինի խոսել փոխզիջումների մասին:


ԱՄՆ քաղաքականության մասին Ռուբեն Շուգարյանն ասում է, որ Թրամփի վարչակազմը փորձում է վերանայել քարտուղարության և դիվանագիտական համակարգի կառուցվածքը, և դա վերաբերում է ոչ միայն Ղարաբաղին, այլև շատ հարցերի: ԱՄՆ-ը հետաքրքրված է Հայաստանով ոչ միայն այն պատճառով, որ այստեղ կա ղարաբաղյան հակամարտությունը, այլև այն պատճառով, որ այստեղ կան նաև հարևաններ, որոնց հետ ԱՄՆ-ը չի կարող ընդմիշտ մնալ թշնամի: Խոսքն Իրանի մասին է: Հայաստանը ԱՄՆ-ի համար կարևոր և հետաքրքիր է նաև այն պատճառով, որ ունի հայերի մեծ համայնք:
1990-ականներին, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, և ԱՄՆ-ը սկսեց կառուցել իր հարաբերությունները ԽՍՀՄ նախկին անդամների հետ, բացի Ռուսաստանից, ինչ-որ տեղ ՈՒկրաինայից ու նաև Հայաստանից, որևէ այլ հանրապետություն ճանաչում չուներ Վաշինգտոնում: Նույն Վրաստանը խորացված գործընթացներ չէր սկսել ԱՄՆ-ի հետ: Այդ ժամանակ Հայաստանը դարձավ շատ կարևոր գործընկեր ԱՄՆ-ի հետ տարածաշրջանում, հետո այդ ժամանակ Հայաստանը դարձավ ամենաշատ մարդասիրական օգնություն ստացողը և բազմակուսակցական համակարգի, տնտեսական բարեփոխումների արևմտյան քաղաքականության հաջողության օրինակը նախկին Խորհրդային Միության երկրների մեջ: Հետո մնացած երկրները եկան, հասան այն մակարդակին, որում գտնվում են հիմա: Եթե ԱՄՆ-ը հետ քաշվի տարածաշրջանից, դա կանդրադառնա Վրաստանի կամ Ադրբեջանի վրա: Հայաստանի հետ հարաբերությունները չեն կարող այսօրվա մակարդակից ավելի ներքև իջնել, որովհետև կան այն գործոնները, որոնք նշեցի՝ կա հայ համայնք և Հայաստանին հարևան Իրան, և կա հարաբերությունների ստեղծման պատմություն:

Դիտվել է՝ 2170

Մեկնաբանություններ