Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հույս է հայտնել, որ Կիևում գտնվող երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու անվտանգությունը կապահովվի: «Կիևում տեղի ունեցողը ՈՒկրաինայի ներքին գործն է, սակայն միևնույն ժամանակ իրադարձությունների կենտրոնում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է: Հուսով ենք, որ նրա անվտանգությունը կապահովվի»,- գրել է Մարգվելաշվիլին Twitter-ում:
ՈՒկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Միխեիլ Սաակաշվիլուն, բայց Օդեսայի շրջանի նախկին նահանգապետի աջակիցները որոշ ժամանակ անց կոտրել են Անվտանգության ծառայությանը պատկանող միկրոավտոբուսի հետևի դուռն ու ազատել նրան: ՈՒկրաինայի գլխավոր դատախազությունը հրապարակել է աուդիո և տեսաձայնագրություններ, որոնք իբր ապացուցում են Վիկտոր Յանուկովիչի շրջապատից օլիգարխ Սերգեյ Կուրչենկոյի կողմից Սաակաշվիլու ակցիաների ֆինանսավորումը: