Ադրբեջանը անում է հնարավոր ամեն ինչ ստատուս քվոն անփոփոխ պահելու համար, միաժամանակ փորձելով տպավորություն ստեղծել, թե կողմ է ստատուս քվոյի փոփոխմանը` ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 24-րդ նիստում ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Անդրադառնալով, Արցախի խնդրի կարգավորմանը, նա նշել է. «10 տարի առաջ Մադրիդում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահ երկրները կողմերին ներկայացրին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները: 2 տարի անց Աթենքում ԵԱՀԿ նախարարական խորհուրդը բոլոր մասնակից երկրների անունից հայտարարություն ընդունեց, որով աջակցում էր այդ հիմնարար սկզբունքներին և ընդգծում կողմերի հանձնառությունը՝ համաձայնության հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման շուրջ՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքների հիման վրա: Համանախագահ երկրների նախագահները 2009-ից ի վեր ընդունած իրենց համատեղ 5 հայտարարություններում վերահաստատեցին իրենց աջակցությունը հակամարտության կարգավորման այս սկզբունքներին և հիմնական տարրերին, որոնք ներկայացվել էին որպես մեկ ամբողջություն:
Դրանից հետո տարբեր առիթներով համանախագահները բազմիցս վերահաստատել են այս տարրերն ու սկզբունքները, այդ թվում՝ ԵԱՀԿ գրեթե բոլոր նախարարական խորհուրդների ընթացքում, և բոլորովին վերջերս Համբուրգում ընդունած համատեղ հայտարարության մեջ: Բազմաթիվ առիթներով Հայաստանը վերահաստատել է իր պատրաստակամությունը` շարունակել բանակցությունները այդ սկզբունքների և տարրերի հիման վրա՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման նպատակով: Կան մի շարք պատճառներ, թե ինչու մինչ օրս հնարավոր չի եղել առաջընթաց արձանագրել խաղաղ բանակցային գործընթացում՝ չնայած նախագահական և նախարարական մակարդակներով բազմաթիվ հանդիպումներին, բանակցությունների բազմաթիվ փուլերին, համանախագահ երկրների անխոնջ միջնորդությանը, ԵԱՀԿ-ի և այլ կառույցների կողմից համանախագահների ջանքերին և մոտեցումներին ցուցաբերված աներկբա աջակցությանը:
Առաջին, Ադրբեջանը հետքայլ է կատարել և մերժել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերը նշված 3 սկզբունքները՝ որպես հակամարտության կարգավորման հիմք:
Երկրորդ, Ադրբեջանն ընտրողական մոտեցում է որդեգրել համանախագահների առաջարկած տարրերի նկատմամբ, թեև նրանք շարունակաբար նախազգուշացրել են զերծ մնալ նման գործունեությունից, քանի որ նրանց առաջարկությունները մեկ անբաժանելի ամբողջություն են, և միաժամանակ հստակեցրել, որ սկզբունքներից և տարրերից որևէ մեկին մյուսի նկատմամբ գերակայություն տալու փորձերն անհնարին կդարձնեն հիմնախնդրի կարգավորումը:
Երրորդ, Բաքուն չի կատարում ձեռք բերված պայմանավորվածությունները և հետ է կանգնում դրանցից, ինչպես եղավ բանակցությունների մի շարք փուլերում, մասնավորապես, 2010 թ. հունիսին Սանկտ Պետերբուրգի, 2010 թ. հոկտեմբերին Աստրախանի, 2011 թ. մարտին Սոչիի, 2011 թ. հունիսին Կազանի գագաթնաժողովների ժամանակ: Ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումից հրաժարվելու Ադրբեջանի գործելաոճը լրջորեն հարցականի տակ է դնում Բաքվի` որպես բանակցող կողմի նկատմամբ վստահությունը:
Չորրորդ, համանախագահների ջանքերի գրեթե անդադար խոչընդոտումը և միջնորդությունն այլ ձևաչափեր տեղափոխելու փորձերը բացահայտորեն մատնացույց են անում Ադրբեջանի՝ բանակցությունները խաթարելու մտադրությունը: Զարմանալի չէ, որ համանախագահներն իրենց հայտարարություններում կոչ են արել Բաքվին հետ կանգնել այս դիրքորոշումից:
Հինգերորդ, Ադրբեջանի կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, հրադադարի պարբերական խախտումներն ու սադրանքները, առանց նախազգուշացման զորավարժությունների անցկացումը` բացահայտորեն գործելով ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթին հակառակ, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների ռազմատենչ հայտարարությունները ցույց են տալիս, որ Բաքուն պատերազմը դիտարկում է որպես հնարավոր տարբերակ: Համանախագահները բազմիցս կոչ են արել Ադրբեջանին ձեռնպահ մնալ իրավիճակի սրումից, վերահաստատել հանձնառությունը խաղաղ կարգավորմանը։ Որևիցե մեկը չի կասկածում, որ հենց Ադրբեջանն է մշտապես խախտում զինադադարը և սրում իրադրությունը։
Վեցերորդ, բանակցային գործընթացին լուրջ հարված հասցվեց Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի 2016 թ. ագրեսիայով, որն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, քաղաքացիական բնակչության, ներառյալ` երեխաների, կանանց և տարեց անձանց նկատմամբ վայրագություններով, դիակների խեղումը, ԴԱԻՇ-ի ոճով գլխատումներով:
Յոթերորդ, ապրիլյան ագրեսիայից հետո պատերազմի հետևանքները վերացնելու նպատակով համանախագահները կազմակերպեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ 2 գագաթնաժողով՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: Ադրբեջանը հրաժարվեց կյանքի կոչել այդ գագաթնաժողովների շրջանակներում ձեռքբերված և հայտարարված պայմանավորվածությունները, մասնավորապես, հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման, հրադադարի վերաբերյալ 1994-1995 թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարման, հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծման, հակամարտության գոտում մշտադիտարկման կարողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման վերաբերյալ: Այդ պայմանավորվածությունների նպատակն էր խաղաղ գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծումը, ուստի, դրանք մերժելով, Բաքուն դիտավորյալ խոչընդոտում է բանակցությունները:
ՈՒթերորդ, Ադրբեջանը շարունակում է հակահայկական ատելության քարոզչության քաղաքականությունը, աշխարհի բոլոր հայերին կոչում է իր թիվ 1 թշնամի, դասագրքերում հայերին ներկայացնում Ադրբեջանի գենետիկ հակառակորդներ, ոչնչացնում է տեղաբնիկ հայերի մշակութային ժառանգությունը և կրոնական կոթողները, պնդում է, որ իբր Հայաստանի տարածքներն ադրբեջանական պատմական հողերն են: Ադրբեջանն արդեն վաղուց էր սև ցուցակում ներառել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, իսկ հետո սկսեց սև ցուցակում ընդգրկել նաև բոլոր նրանց, ովքեր այցելում են Լեռնային Ղարաբաղ։ Նրանք, որ իրոք խաղաղության են ձգտում, նման բան չեն անում։
Իններորդ, հիմնարար սկզբունքների վերաբերյալ երկար տարիներ բանակցելուց հետո Ադրբեջանն սկսեց պնդել, որ դրանք ընդունելու անհրաժեշտություն չկա, ինչը բացարձակ անարգանք է մյուս բանակցող կողմերի, համանախագահող երկրների, նրանց կողմից գործընթացի մեջ ներդրված հսկայական ջանքերի և ժամանակի նկատմամբ:
Ադրբեջանի անզիջողական և առավելապաշտական դիրքորոշումը լուրջ խոչընդոտ է դարձել խաղաղ գործընթացի առաջմղման համար և մեծապես նպաստում է ստատուս քվոյի պահպանմանը: Հակամարտության կարգավորման համանախագահների առաջարկներն այն ուղին են, որը կարող է հանգեցնել ստատուս քվոյի փոփոխմանը: Այնուամենայնիվ, Ադրբեջանը մերժում է այդ առաջարկները՝ անելով հնարավոր ամեն ինչ ստատուս քվոն անփոփոխ պահելու համար, միաժամանակ փորձելով տպավորություն ստեղծել, թե կողմ է ստատուս քվոյի փոփոխմանը:
Հաջորդ տարի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նշելու է իր ճակատագիրն ազատ տնօրինելու, մարդկային արժանապատվության և ազատության իրավունքի պաշտպանման համար մղվող պայքարի 30-ամյակը: Երեք տասնամյակների ընթացքում Արցախի ժողովրդին, չնայած կործանարար պատերազմին և բոլոր դժվարություններին, հաջողվեց ստեղծել մարդու իրավունքների պաշտպանության, հիմնարար ազատությունների և ժողովրդավարական հաստատությունների վրա հիմնված հասարակություն: Հակամարտության կարգավորումը պետք է հարգի Արցախի ժողովրդի բոլոր անքակտելի իրավունքները և պետք է երաշխավորի դրանց անխափան իրագործումը: