ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ինքը չի պատրաստվում պաշտպանել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, որոնք «չեն վճարում» դաշինքին իրենց մասնակցության համար: Ֆլորիդա նահանգում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նա ասել է` ԱՄՆ-ը չպետք է ներգրավված լինի պատերազմի մեջ մի երկրի պատճառով, որը «նույնիսկ չի վճարում» իր անվտանգության համար:
«Ես ակնարկեցի նրանց, որ եթե չեն վճարում՝ այստեղ չեն լինի: Եվ այդ պատճառով քննադատության ենթարկվեցի մամուլում. նրանք հայտնեցին, թե Դոնալդ Թրամփը կոպիտ է դաշնակիցների հետ: Նրանք են կոպիտ մեզ հետ, եթե չեն վճարում»,- ասել է Թրամփը: Նա անդրադարձել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ իր զրույցին, որից փորձել է ավելի շատ հատկացումներ ստանալ ՆԱՏՕ-ի համար:
«Չէ՞ որ մենք պաշտպանում ենք նրանց. մենք 40 հազար զինվոր ունենք Գերմանիայում, ոչ ոք չգիտի այդ մասին: Ես ասում եմ նրան՝ մի քիչ գումար հատկացրեք, իսկ Մերկելը պատասխանում է, որ գերմանացիներին դա դուր չի գա: Իսկ ես ասում եմ նրան, որ սա դուր չի գա ամերիկացիներին»,- ասել է Թրամփը: