Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների հարցը դեռ լուծում չի ստանում և կարծես լուրջ նոր զարգացումներ են սպասվում: Պոլսո Հայոց պատրիարքի նախկին տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Երևանում հանդիպել է լրագրողների հետ և հայտարարել, որ ինքը երբեք իր կամքով հրաժարական չի տվել: Նա ասել է, որ Թուրքիայի իշխանությունները պարտադրում են, որ պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հեռանա։ Պատրիարքական տեղապահի ընտրության հարցը որոշվել էր փետրվարի 23-24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի նախաձեռնած հանդիպման ժամանակ՝ տեղապահի ընտրության ճգնաժամը հաղթահարելու համար: Մարտի 15-ին Պոլսո պատրիարարքարանում դռնփակ ժողովի ժամանակ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն ընտրվել էր Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ: Նոր տեղապահը պետք է նախապատրաստեր պատրիարքի ընտրությունները, սակայն մինչ օրս թուրքական իշխանությունները ընտրության համաձայնություն չեն տալիս։ Արամ Աթեշյանը տվել է պարզաբանումներ, թե ինչու գործընթացը տեղից առաջ չի գնում. «Տակավին մեկ ամիս առաջ կուսակալը ինձ, Սահակ Մաշալյանին, նախաձեռնակ մարմնի ատենապետին և Պետրոս Շիրինօղլուն կանչեց իր մոտ և մեզ ասաց, որ առանց մեզի հարցնելու, տեղապահ ընտրեցիք, փոխանորդից ազատվեցիք: Արամ Աթեշյանը չհրաժարեցավ: Ինձ հարցրեց՝ հրաժարվե՞լ ես, ես էլ ըսի, որ ոչ մի հրաժարականի գրություն չեմ տված, երբեք: Եվ կուսակալը, որը պետության անունից է խոսում, ըսավ՝ նախկին վիճակին պիտի դառնաք, պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը պիտի շարունակե, մենք ընտրությանը դեմ չենք: Նոր ընտրության հոդվածները կվավերացվեն, կպատրաստվի ու նոր գործընթաց կսկսվի: Սահակ սրբազանը կուսակալին ըսավ, որ մենք բավական նամակներ ենք գրել իշխանություններին, սակայն կուսակալն ըսավ, որ մեզ գրել եք, բոլոր գործողություններից հետո, այդ պատճառով նամակներին չենք պատասխանել»:
Հարցին` սրբազան Բեքչյանը պետք է հեռանա՞, Աթեշյանը պատասխանել է. «Պետք է հեռանա, որովհետև պետությունը չի վավերացնում»: Աթեշյանի խոսքով՝ Գարեգին սրբազանը պետք է հետ կանգնի և կատարի պետության հրահանգը: Ավելին, այդ մասին փոխանցել է Գարեգին Բեքչյանին. «Ես իրեն ըսի՝ սրբազան, եթե ընտրություն կուզես, պետք է հետ հրաժարիս, քաշվիս, պետությունը քեզ չի ճանաչում: Ինքն էլ ասում է՝ թող պետությունը գրե ինձ, բայց դե պետությունն էլ չի ճանաչում նրան»։