Սուդանի իշխանությունները համաձայնել են Սուակին կղզին վարձակալության տալ Թուրքիային։ Թուրքիան պատրաստվում է առաջիկայում նոր նավահանգիստ կառուցել կղզում ռազմանավերի համար` տեղեկացնում է թուրքական diken.com.tr կայքը: Լուրն առաջինը հայտնել է Ռեջեփ Թայիբ Էրդողանը, այնուհետև հաստատել է Սուդանի ԱԳՆ-ն: Նախկինում Օսմանյան տիրապետության տակ գտնված կղզին թուրքերը պատրաստվում են վերակառուցել և բացել տուրիզմի համար:
Էրդողանը Սուդան այցի ժամանակ տեղի իշխանություններին առաջարկել էր «իրենց տալ» Սուակին կղզին, որտեղ գտնվում է երկրի խոշոր նավահանգիստը:
«Ես ասացի հարգելի նախագահին. «Այս կղզին մեզ փոխանցեք՝ ամբողջությամբ բարեկարգենք, իր պատմական փառքին արժանի վիճակի հասցնենք»: Այս տարածքներն այս վիճակում տեսնելը մեզ շատ տխրեցրեց, այս կողմերը հողին են հավասարեցրել: Ո՞վ է այս ամենն անում… Արևմուտքը: Սա նրանց է բնորոշ»,- ասել էր Էրդողանը: