Գերմանիայում մեծ կոալիցիա կազմելու շուրջ ավելի քան 24 ժամ տևած բանակցություններն ավարտվեցին հաջողությամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պաշտոնավարումը այլևս կասկածի տեղիք չի տալիս: Նրա գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միությանը, Քրիստոնեա-սոցիալական կուսակցությանը և վերջին ընտրություններից հետո ընդդիմադիր ճամբար անցած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը հաջողվել է հաղթահարել տարաձայնությունները և սկզբունքային համաձայնության գալ հիմնական քաղաքական հարցերի շուրջ:
Բանակցություններին մասնակցած 6 քաղաքական գործիչների հավանությանն արժանացած 28 էջից բաղկացած համաձայնագրում կողմերը պայմանավորվել են սահմանափակել զենքի արտահանումը ՝ Գերմանիան անհապաղ կդադարեցնի Եմենին զենքի մատակարարումները, կչեղարկվի «համերաշխության հարկը», որը սահմանվել է 1990-ին և որի շնորհիվ ավելի բարեկեցիկ Արևմտյան Գերմանիան ֆինանսական օգնություն էր ցուցաբերում արևելյան հատվածին: Գերմանիայի կոալիցիոն համաձայնագիրը կարևորում է Ֆրանսիայի հետ սերտ համագործակցությունը՝ Եվրամիության և եվրագոտու զարգացման, արտաքին քաղաքական ոլորտներում: Գերմանիայի ապագա կառավարության անդամները խոստանում են ավելի շատ միջոցներ հատկացնել ԵՄ բյուջեին և համաեվրոպական հիմնադրամներին: Բանակցությունների ամենախնդրահարույց թեման միգրացիայի հարցն էր, որի շուրջ կողմերին հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ. իշխող կուսակցությունները պայմանավորվել են այսուհետ ևս փախստականներ ընդունել, սակայն նրանց թիվը չպետք է գերազանցի տարեկան 220 հազարը: