Սլովակիան դատապարտում է 1915-ի Հայոց ցեղասպանությունը և աջակցում միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը` ասել է Սլովակիայի խորհրդարանի նախագահ Անդրեյ Դանկոն Արա Բաբլոյանի հետ հանդիպման ժամանակ:
«Հայերը վերապրել են ժամանակակից պատմության առաջին ցեղասպանությունը, նրանք հարձակումների թիրախ են եղել և շատ բաների միջով են անցել, քանի որ քրիստոնեության կղզի են եղել: Չեմ թաքցնում, որ ես մարդ եմ, որը մեծագույն հարգանքով է վերաբերվում քրիստոնեության արժեքներին: Միլիոնավոր հայեր հալածանքների են ենթարկվել»` ասել է Դանկոն: Նա իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին, քանի որ 16-րդ դարի երկրորդ կեսից մինչև 17-րդ դարի վերջն Օսմանյան կայսրությունը ստրկացրել է Սլովակիայի տարածքի մեծ մասը:
Սլովակիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2004 թվականին: Ցեղասպանության զոհերի հիշատակին Բրատիսլավայում հուշարձան է կանգնեցվել: