ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։
Ըստ ԱԳՆ-ի` համանախագահները տեղեկացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների մասին: ԱԳ նախարարն ու համանախագահները քննարկեցին հունվարին Կրակովում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ ձեռք բերված սկզբունքային համաձայնության հետ կապված հարցեր: Նալբանդյանը միջնորդների ուշադրությունն է հրավիրել փաստին, որ «ի տարբերություն համանախագահների ու Հայաստանի, Բաքուն այդպես էլ մինչ օրս որևէ հայտարարություն չի արել այդ համաձայնության վերաբերյալ, և թե երբ է պատրաստ այն իրականացնել»։ «Տարօրինակ հիշողություն ունեն Բաքվում. խճճվելով իրենց իսկ հորինած կեղծիքների սարդոստայնում՝ մոռացության են տալիս մեկ ամիս և դրանից առաջ ձեռք բերված համաձայնությունները, որոնց մասին բազմիցս հայտարարել են համանախագահները, բայց միևնույն ժամանակ գլխիվայր մեկնաբանություններով վերհիշում են 25 տարվա վաղեմության այն փաստաթղթերը, որոնց եռանախագահները հայտնի պատճառներով նույնիսկ հղում չեն անում»,- նշել է Հայաստանի ԱԳ նախարարը։ Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ներկայացնելով շփման գծում ադրբեջական կողմից զինադադարի կոպտագույն խախտման հետևանքով հայ զինվորի սպանությունը, ընդգծեց, որ Բաքվին՝ իրեն բնորոշ սադրիչ գործողություններից հետ չի պահում նույնիսիկ եռանախագահների ներկայությունը տարածաշրջանում. դրանով իսկ Ադրբեջանը ի ցույց է դնում իր արհամարհանքը համանախագահ երկրների նկատմամբ։ Անդրադառնալով Բաքվից հնչող մեկնաբանություններին՝ թե իբր Ադրբեջանը հետաքրքրված է ղարաբաղյան հիմնահարցի շուտափույթ կարգավորմամբ՝ Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ խոսքերը հարկավոր է ամրապնդել գործերով, իրականացնել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթնաժողովների պայմանավորվածությունները, ընդունել որպես բանակցությունների հիմք՝ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ համանախագահների առաջարկությունները և առաջ շարժվել դրա հիման վրա:
Երևանից համանախագահները կմեկնեն Ստեփանակերտ՝ հանդիպելու տեղի իշխանության ներկայացուցիչներին: Երեկ Բաքվում Շեֆերը, Պոպովը և Վիսկոնտին հանդիպել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: