Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը Սիրիայի Քրդական դեմոկրատական ուժերի հետ վերածվեց դիվանագիտական սկանդալի, երբ Մակրոնը հայտարարեց, թե աջակցում է Սիրիայի քրդերին ու պատրաստ է միջնորդի դեր ստանձնել՝ Անկարայի հետ տարաձայնությունները կարգավորելու հարցում: «Մակրոնն իր տեղը չի ճանաչում»,- հակադարձեց Էրդողանը: «Լսում ե՞ք, Մակրոնն ասել է՝ մենք երաշխավորում ենք մեր աջակցությունը Սիրիայի քրդական ուժերին, կամ թե՝ մենք կարող ենք միջնորդ լինել թուրքերի և քրդերի միջև: Նման հայտարարություններ անող մարդն իր տեղը չի ճանաչում: Ո՞վ է քեզ նման իրավունք տվել: Քեզ չվերաբերող հարցերին մի խառնվիր, մենք միջնորդի կարիք չունենք: Թուրքիան բանակցությունների չի նստում ահաբեկիչների հետ, այդ դուք եք բանակցում ահաբեկիչների հետ, մինչդեռ մենք կռվում ենք նրանց դեմ Աֆրինում»,- ասել է Էրդողանը:
Ֆրանսիայի նախագահն ընդունել էր Սիրիայի հյուսիսում հաստատված քրդական ուժերի ներկայացուցիչներին, որոնց դեմ Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում արդեն մի քանի ամիս: Հանդիպումից հետո Ելիսեյան պալատը հայտարարել էր՝ Մակրոնը երախտագիտություն է հայտնել քրդերին այն զոհողությունների ու վճռորոշ դերակատարության համար, որ նրանք ունեն «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում: Ֆրանսիայի նախագահը նաև ընդգծել էր, որ անցած շաբաթ քրդերից Թուրքիայի վերահսկողության տակ անցած Աֆրինի բնակիչները պետք է մարդասիրական օգնության հնարավորություն ստանան, Փարիզի միջնորդությունն էր առաջարկել՝ թուրք-քրդական տարաձայնությունները կարգավորելու համար:
Ֆրանսիայից առաջարկին հետևել էր Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազանգը Ժան Իվ Լե Դրիանին: «Ես հարցրի նախարար Լե Դրիանին՝ ի՞նչ կմտածեին նրանք, եթե նախագահ Էրդողանն Անկարայում իր նախագահական նստավայրում հյուրընկալեր ահաբեկչական խմբավորման առաջնորդների, որոնք հարձակումներ են իրականացնում Ֆրանսիայի դեմ: Փարիզը, ցավոք, ազնիվ չէ և լիովին կորցրել է իր չեզոքությունն ու սթափութունը»,- ասել է Մևլութ Չավուշօղլուն: Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը սպառնացել էր Ֆրանսիային: «Նրանք, որ համագործակցում են կամ համերաշխություն են հայտնում Թուրքիայի դեմ գործող ահաբեկչական խմբավորումներին, նույն այդ ահաբեկիչների նման, կհայտնվեն Թուրքիայի թիրախում՚` «Թվիթերում» գրել էր Բոզդաղը, հավելելով․ «Հուսով ենք, որ Ֆրանսիան կխուսափի նման անտրամաբանական քայլերից»: «Թող ֆրանսիացիները մեր աջակցությունը չհայցեն, երբ Սիրիայից ու Իրաքից փախած ահաբեկիչները կլցվեն իրենց երկիր»` հայտարարել է Էրդողանը:
«Այդպիսի դիրք գրավելուց հետո Ֆրանսիան այլևս իրավունք չունի բողոքելու որևէ ահաբեկչից ու ահաբեկչական հարձակումից: Նրանք, որ ապրում են ահաբեկիչների հետ և անգամ նրանց հյուրընկալում են իրենց նստավայրում, վաղ թե ուշ հասկանալու են, թե ինչ սխալ են արել: Նրանք, որ անամոթաբար աջակցում են ահաբեկիչներին, պետք է պատրաստ լինեն բացատրություններ տալու իրենց արածների համար»,- ասել է նա: