Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Սթար Վուդ» հյուրանոցային խմբի լյուքս շարքին պատկանող «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի բացմանը: Նա շրջել է նորաբաց և Հայաստանում իր դասի մեջ միակ համալիրում, ծանոթացել աշխատանքներին, իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին:
«Մարիոթ ինթերնեյշնլ» ընկերությանը պատկանող «Դը լաքշրի քոլեքշն» աշխարհահռչակ ցանցի անդամ «Ալեքսանդր» հյուրանոցը կառուցվել է բարձրորակ շինարարական նյութերով և կահավորմամբ: Հյուրանոցային համալիրի կառուցման նպատակով կատարված ներդրումները կազմել են շուրջ 53,9 մլն ԱՄՆ դոլար: Հյուրանոցում, որը կարող է միաժամանակ ընդունել մինչև 230 այցելու, ստեղծվել է 280 հազ. ՀՀ դրամ միջին աշխատավարձով 144 աշխատատեղ, որը նախատեսվում է հասցնել 170-ի: