Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մարտի 31-ին Ճրագալույցի Պատարագից հետո կմեկնարկի «Հարության ավետիս» կանթեղներով երթը, որի մասնակիցները հոգևոր երգերի ու շարականների երգեցողությամբ Ս. Սարգիս եկեղեցուց Մաշտոցի պողոտայով ու Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ վառվող կանթեղները կդասավորեն խաչաձև՝ ամենքին փոխանցելով Ս. Հարության Ավետիսը: Մասիսի Ս. Գևորգ եկեղեցու երիտասարդները մոմերով և հավկիթներով կշրջեն տնետուն՝ փոխանցելու Հարության Ավետիսը:
Տոնակատարությունները կշարունակվեն ապրիլի 1-ին: Եկեղեցիներում Հարության Ավետիսն ազդարարող Պատարագից հետո տեղի կունենան տոնական համերգներ, ազգային պարերի ուսուցում, երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես և այլն:
Ապրիլի 2-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի մեռելոց Ս. Պատարագ, որի ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ բոլոր ննջեցյալների: