ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԲՀԿ-ն իշխանություններին կոչ է անում Փաշինյանի առաջ քաշած օրակարգով բանակցություններ սկսել

ԲՀԿ-ն իշխանություններին կոչ է անում Փաշինյանի առաջ քաշած օրակարգով բանակցություններ սկսել
24.04.2018 | 19:23

Վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից առաջ ցուցարարներին միանալու մասին հայտարարած ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում ասում էին, որ իրենք Փաշինյանին և մյուս ընդդիմադիր պատգամավորների ձերբակալությունները դատապարտել էին, իսկ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հիշեցրեց, որ իրենք կոչ էին անում իշխանություններին Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած օրակարգով բանակցություններ սկսել։


«Կոչ էինք անում, որ այս իրավիճակը պետք է անարյուն, խաղաղ ճանապարհով լուծում ստանա: Նիկոլ Փաշինյանի կողմից շատ հստակ հրապարակվել էր օրակարգ: Եվ երբ մենք ասում ենք, որ պետք է գնալ բանակցությունների, և այդ օրակարգի շուրջ քննարկում տեղի ունենա, դա մեր քաղաքական թիմի դիրքորոշումն է եղել»,- ասաց Էնֆիաջյանը: Հարցին, թե իրենք միացե՞լ էին «Մերժիր Սերժին» կոչով բողոքին, Էնֆիաջյանը պատասխանեց, որ ինքը, ինչպես իր շատ գործընկերներ, խորհրդարանում Սերժ Սարգսյանի թեկնածությանը դեմ էին քվեարկել։ «Ծառուկյան» խմբակցությունը նոր վարչապետի թեկնածության հարց դեռ չի քննարկել: Խորհրդարանը լուծարելու և նոր ընտրություններ անցկացնելու՝ Նիկոլ Փաշինյանի ծրագրի վերաբերյալ Էնֆիաջյանն ասաց, որ դեռ սպասում են իշխանության և ընդդիմության բանակցություններին, որից հետո դիրքորոշում կհայտնեն։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պնդեց, որ իրենք հետին թվով չեն խոսում, բնականաբար դեմ են եղել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն, այդ պատճառով էլ միացել են շարժմանը։


Պետրոսյանը նաև ասաց, որ մի շարք գործընկերների հետ անգամ հանրահավաքներին են մասնակցել. «Խոսել ենք, դեմ ենք խոսել, դեմ ենք արտահայտվել, շատ ելույթներ ենք ունեցել, որ հանրությանը որպես ընդդիմադիր առավելապես հայտնի մարդիկ էդպիսի ելույթներ չեն ունեցել: Եվ մեր քվեարկությունով էլ մենք ապացուցեցինք, որ իսկապես մեր շարքերում կան մարդիկ, որ... մենք դեմ ենք վարչակարգին, հատկապես՝ եթե վարչակարգը իրեն փրկելու համար արդեն անցնում է մեր քաղաքացիների իրավունքների և օրինական ազատությունների սահմանափակմանը»: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը ասաց, որ իրենք արտահերթ ընտրությունների պատրաստ են և կարծում է, որ ավելի շատ ձայներ կհավաքեն, քան նախկինում։ Պետրոսյանի խոսքով՝ դա հնարավոր կլինի, եթե չլինեն խախտումներ և չօգտագործվի վարչական ռեսուրսը։ Պետրոսյանը պնդեց, որ սա ժողովրդավարության հաղթանակն էր, և ոչ մի կուսակցություն չպետք է սեփականաշնորհի հաղթանակը․«Ով էլ կգա՝ թող ժողովուրդը բերի իշխանության, որ էդ մարդը՝ իշխանավորը, պետության ղեկավարը, հասկանա, որ ինչպես ժողովուրդը իրան բերեց, նույն հաջողությամբ էդ ժողովուրդը կարող է իրեն հեռացնել իշխանությունից՝ եթե չարդարացնի ժողովրդի հույսերը»:

Դիտվել է՝ 946

Մեկնաբանություններ