Սփյուռքի նախարարությունում կադրային ջարդ չի սպասվում, սակայն փոփոխություններ կլինեն` լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը։ 27-ամյա նախարարը վստահեցրեց՝ ոլորտում փոփոխություններն ակնհայտ են լինելու։
«Ինչպես ես, այնպես էլ իմ թիմը փոխել ենք իշխանությունը, և հավատացնում եմ ձեզ՝ մենք կկարողանանք փոխել և կոռուպցիան, և կեղծիքը, և, իսկապես, շոշափելի փոփոխություններ բերել այն ընթացքում, որ կպաշտոնավարենք։ Դրանք կլինեն ամիսներ, թե ավելի երկար, բայց, անշուշտ, մեր պաշտոնավարումից հետո նրանք, ովքեր կգան մեզ փոխարինելու, կունենան բոլորովին որակական այլ գերատեսչություններ, պրոֆեսիոնալ կառավարմամբ ու թիմով», - ասաց Հայրապետյանը։ Հարցին, թե Սփյուռքի նախարարությունում եղել են կոռուպցիոն ռիսկեր, նորանշանակ նախարարը պատասխանեց. - «Կարծում եմ, ՀՀԿ իշխանավարման օրոք չի եղել որևէ գերատեսչություն, որտեղ չի եղել կոռուպցիա։ Ես հույս ունեմ, որ սխալված կլինեմ»։ ՙԻնչո՞ւ հենց իրեն վստահեցին այս պաշտոնը հարցին նախարարը պատասխանեց. - «2-3 տարի ղեկավարել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սփյուռքի հետ կապերի բաժինը։ Եղել եմ մեկը, ով քաջատեղյակ է եղել խնդիրներին, ով ունեցել է լուծումների վերաբերյալ պատկերացումներ»։