ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը գոհ է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ առաջին բանակցություններից: Համատեղ կարճատև ասուլիսում նա հայտարարեց, որ այսուհետ ևս Ռուսաստանը շարունակելու է զարգացնել Հայաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները: Լավրովն ընդգծեց, որ այդ հարաբերությունների զարգացմանը նպաստում է նաև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին: Զոհրաբ Մնացականյանը նույնպես գոհունակություն հայտնեց առաջին հանդիպումից: ԱԳ նախարարարները շեշտում էին հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները: Եվ Լավրովը, և Մնացականյանը հիշատակեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սոչիում կայացած առաջին հանդիպումը: Մնացականյանն ասաց նաև, որ նոր հանդիպում կլինի մոտ ապագայում՝ առանց հստակեցնելու, թե երբ և որտեղ է կայանալու:
Նախարարները խոսել են նաև ղարաբաղյան խնդրից: Լավրովը շեշտեց, որ Մոսկվայի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրում անփոփոխ է և համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշմանը, որի համանախագահն է Ռուսաստանը:
Հայ լրագրողներից մեկը ՌԴ ԱԳ նախարարին հարցրեց բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտության մասին: Լավրովը կարճ պատասխանեց. «Որոշ փուլերում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները մասնակցում էին այդ գործընթացին, հետո հայ և ադրբեջանական կողմերի պայմանավորվածության համաձայն բանակցությունների ձևաչափը փոխվել էր: Եթե կողմերը՝ Երևանն ու Բաքուն, որոշեն, որ Ղարաբաղը վերադառնում է որպես բանակցային կողմ, Ռուսաստանը կսատարի այդ որոշմանը, ինչպես և Մինսկի խմբի մյուս համանախագահները»: Ռուսաստանցի լրագրողները արձանագրեցին, որ ՌԴ ԱԳ նախարարը ժպտում էր: Մնացականյանը նկատեց՝ դեռ ՄԱԿ-ից գիտի, որ Լավրովը կատակասեր է և հաճախ է ժպտում: Ռուսական մամուլը նաև նշում է, որ ինչպես Էդվարդ Նալբանդյանը, Զոհրաբ Մնացականյանը ևս ավարտել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը: