Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-12-ին կմասնակցի Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին` ասել է վարչապետի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Արսեն Խառատյանը։ «Գագաթնաժողովում ընդունվելիք բանաձևի հետ կապված բանակցությունների մեջ էինք ՆԱՏՕ-ի անդամ երկրների ու մասնակից պետությունների հետ։ Այցի վերջնական մանրամասները դեռևս քննարկվում են և հաջորդ շաբաթ կլինեն մանրամասներ»,- ասաց Խառատյանը՝ նկատելով, որ քննարկումներից հետո հայտնի կդառնա Բրյուսել այցի պատվիրակության կազմը։ Գագաթնաժողովի շրջանակներում լինելու են երկկողմ հանդիպումներ մի շարք պետությունների ղեկավարների հետ։
Հարցին, թե հնարավո՞ր է Փաշինյանը գագաթնաժողովում ելույթ ունենա, Խառատյանը պատասխանեց. «Դժվար եմ պատկերացնում, բայց ուրիշ ձևաչափեր կան, որտեղ հրապարակային ելույթով, հուսով եմ, պարոն Փաշինյանը հանդես կգա»։ Հարցին, թե ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցությունը լարվածություն չի՞ առաջացնի Ռուսաստանի հետ հարաբերություններում, Խառատյանը պատասխանեց. «Սա ՆԱՏՕ-ին անդամակցելու կամ մեր իղձերի մասին չէ։ Այն ֆորմատներում, որտեղ մենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության եզրեր ունենք, բացահայտ են, պարզ են, ոչ մի նոր բան չկա»: