Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Գարեգին Երկրորդը հուսով է, որ ներքաղաքական իրավիճակում կգտնվեն բարվոք լուծումներ երկխոսության ճանապարհով

Գարեգին Երկրորդը հուսով է, որ ներքաղաքական իրավիճակում կգտնվեն բարվոք լուծումներ երկխոսության ճանապարհով
10.10.2018 | 22:40

Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ ԱՄՆ ժողովրդի և իշխանությունների կողմից երկրին բերած մշտական զորակցությանը, հայ-ամերիկյան հարաբերություններին` գնահատելով նաև դրանց ամրապնդման և զարգացման գործում դեսպանի ներդրած ջանքերը: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Հայաստանում պաշտոնավարման տարիներին դեսպանն ականատես եղավ պատմական մի շարք իրադարձություններին:
ԱՄՆ դեսպանը, ուրախություն հայտնելով Հայաստանում իր ծառայությունը բերելու առիթով, նշեց, որ թողնում է երկիրը նրա ապագայի հանդեպ մեծ հույսերով: Պրն. Միլսը գոհունակությամբ հաստատեց, որ այս տարիներին հնարավորություն է ունեցել ճանաչելու հայ ժողովրդին, ավելին իմանալու ժողովրդի կյանքում Հայոց Եկեղեցու կարևոր դերի և պատասխանատվության մասին, ինչպես նաև ծանոթանալու ազգային ավանդույթներին և սովորություններին: Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը և սահմանին արձանագրվող անցանկալի միջադեպերին, որոնց հետևանքով երիտասարդ կյանքեր են ընդհատվում, հույս հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով և միջազգային հանրության զորակցությամբ խնդիրը կգտնի իր խաղաղ լուծումը և կերաշխավորվի մեր ժողովրդի ազատ, անկախ կյանքը մեր պատմական Արցախ աշխարհում: Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքն արտահայտեց հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ Մինսկի խմբի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից գործադրվող ջանքերի կապակցությամբ:


Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտահոգությամբ խոսեց նաև երկրի առջև ծառացած մարտահրավերների, մասնավորապես սոցիալ-տնտեսական կյանքի մասին: Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին` Հայոց Հայրապետը հույս հայտնեց, որ կգտնվեն բարվոք լուծումներ փոխհասկացողության ոգով և երկխոսության ճանապարհով: Նորին Սրբությունը շեշտեց, որ հայ ժողովուրդն իր քրիստոնեական հավատի շնորհիվ լավատեսությամբ է մշտապես հաղթահարել իր կյանքի դժվարությունները և արձանագրել բարի արդյունքներ:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձան նաև Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կազմակերպված «Հայաստան» ցուցահանդեսին` բարձրորեն գնահատելով կատարված աշխատանքը: Վեհափառ Հայրապետը հաջողություններ մաղթեց դեսպանին հետագա իր ծառայության մեջ:

Դիտվել է՝ 491

Մեկնաբանություններ