Սաուդյան Արաբիան Վաշինգտոնին պատասխան պատժամիջոցներով է սպառնում` հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով թագավորության պաշտոնական աղբյուրները: «Թագավորությունը մերժում է ցանկացած սպառնալիք և հաստատում է, որ իր դեմ որևէ քայլի դեպքում կպատասխանի ավելի լուրջ քայլերով», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է խստորեն պատժել Սաուդյան Արաբիային, եթե պարզվի, որ շուրջ երկու շաբաթ առաջ անհետացած սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգին սպանվել է Ստամբուլում՝ իր երկրի հյուպատոսարանի տարածքում։ The Independent-ը հայտնում է, որ լրագրողի անհետացման պատճառով Մեծ Բրիտանիան նույնպես կարող է պատժամիջոցներ կիրառել սաուդցի պաշտոնյաների դեմ։ Թուրքիայի իշխանությունները պնդում են, թե տեսանյութեր և ապացույցներ ունեն, որ լրագրողին սպանել են Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում։ Էր-Ռիյադը հերքում է մեղադրանքները՝ պնդելով, թե Հաշոգին հեռացել է հյուպատոսարանից, թեև ապացույցներ մինչ այժմ չեն հրապարակվել: