Հարավ-Կովկասյան երկաթուղին, որը կառավարում է հայկական երկաթուղիները, զգուշացրել է, որ դեկտեմբերի 1-ից ժամանակավորապես դադարեցվելու է Կովկաս-Փոթի լաստանավի ընթացքը: 2019-ի հունվարից Վրաստանի տարածքով Հայաստան ցորենի ներկրումը բեռնատարներով արգելվելու է: Քննարկվում էր երկաթուղային ու լաստանավային բեռնափոխադրումների տարբերակը:
Ստացվում է, որ հունվարից հայկական կողմը չի կարող ցորեն ներկրել ոչ ծովային, ոչ ցամաքային ճանապարհով: Վրաստանը իր տարածքով փոխադրումների արգելքը սահմանել էր սեպտեմբերի 15-ին, հայկական կողմի հետ բանակցությունների արդյունքում հետաձգել էր կիրառումը մինչեւ 2019-ի հունվարի 1: Հարավ-Կովկասյան երկաթուղիները հայտարարել է, որ լաստանավային փոխադրումները ռուսական Կովկաս եւ վրացական Փոթի նավահանգիստների միջեւ ապահովում են այլ իրավաբանական անձինք, որ կապ չունեն ՀԿԵ հետ:
Հարավ-կովկասյան երկաթուղում ստեղծված իրավիճակը քննարկվում է Պուտին-Փաշինյան մակարդակով: Օրերս Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կրկին տուգանել է ՀԿԵ-ին: Ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում իր անհամաձայնությունն է հայտնել ՀԿԾՀ որոշմանը եւ պատրաստվում է դիմել դատարան: ՀԿԵ-ն դժգոհություն է հայտնել երկաթուղային ոլորտում կառավարության հայեցակարգի հանդեպ, հայտարարելով, որ իր հետ այդ փաստաթուղթը չի համաձայնեցվել: