Բաքուն դատապարտում է Ռուսաստանի իշխանություններին՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին Ռուսաստան մուտք գործելու թույլտվության համար։
«Ռուսական կողմի այդ քայլը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի հարաբերություններին»` հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն և հղում արել երկու երկրների «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության» մասին պայմանագրին: Բաքուն պնդում է, որ փաստաթղթով կողմերը պարտավորվել են «չաջակցել անջատական շարժումներին, ինչպես նաև արգելել և կանխել առանձին անհատների գործունեությունը, որն ուղղված է մյուս երկրի պետական ինքնիշխանության և տարածքային ինքնիշխանության դեմ»։
Բակո Սահակյանն աշխատանքային այցով Մոսկվա է ժամանել նոյեմբերի 24-ին: Նրա օրակարգի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: