Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Գերմանական տեխնոլոգիաների ինստիտուտի հետ նոր համագործակցության վերաբերյալ նախնական պայմանավորվածություններ կան

Գերմանական տեխնոլոգիաների ինստիտուտի հետ նոր համագործակցության վերաբերյալ նախնական պայմանավորվածություններ կան
29.11.2018 | 12:41

Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է գերմանական «Ֆրաունհոֆեր» արտադրական համակարգերի և նախագծային տեխնոլոգիաների ինստիտուտ (Fraunhofer IPK), որը մասնագիտացած է արտադրական գործընթացների ողջ սպեկտրի համար տեխնոլոգիական նորարար լուծումների մշակման ոլորտում: Ինստիտուտը նաև նորարարական գաղափարների զարգացմանն ուղղված հետազոտական ծրագրեր է իրականացնում: «Ֆրաունհոֆեր» ինստիտուտը յոթ տասնյակից ավելի գիտահետազոտական կենտրոններ ունի և գործունեություն է ծավալում աշխարհի մի շարք երկրներում։


«Ֆրաունհոֆեր» ինստիտուտը 2016-ից համագործակցում է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի հետ՝ հնագույն և միջնադարյան ձեռագրերի թվայնացման և վիրտուալ վերականգնման ծրագրի շրջանակում։ 2017 -ից մեկնարկել են 13-14-րդ դարերի «Նարեկ» աղոթագրքի ձեռագրի թվայնացման և վերականգնման աշխատանքները:


Ինստիտուտի տնօրեն Էքարթ Ուհլմանի ուղեկցությամբ նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը շրջել են «Արտադրական տեխնոլոգիաներ» փորձարարական սրահում, ծանոթացել ինստիտուտի գործունեությանը։ Շրջայցից հետո հանդիպում է տեղի ունեցել ինստիտուտի ղեկավար կազմի մասնակցությամբ, որի ժամանակ ներկայացվել են հաստատության գործունեության ուղղությունները, ինչպես նաև «Նարեկ»-ի թվայնացման և վերականգնման ծրագիրը։ Նշվել է, որ պատմական մեծ արժեք ունեցող այս ձեռագիրը եղել է պատառոտված և բավականին վատ վիճակում, որոշ էջեր բացակայել են: Յուրօրինակ տեխնոլոգիայի միջոցով իրականացվել է ձեռագրի էջերի, պատառիկների թվայնացումն ու վիրտուալ վերականգումը:
Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի հետ համագործակցության հետագա հնարավորությունները։ Ինստիտուտի ղեկավարները տեղեկացրել են, որ հետաքրքրված են Հայաստանում նախագծերի իրականացմամբ և նշել, որ համագործակցության վերաբերյալ գաղափարներ ունեն, որոնք առնչվում են տեղեկատվական և բարձր տեխնոգիաների ոլորտներին, ավտոմատացման համակարգերին, ռոբոտաշինությանը և այլն։


Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է Հայաստանում ինստիտուտի գործունեության ընդլայնումը։ ««Ֆրաունհոֆեր»-ի աշխատակիցներն արդեն հանդիպում են ունեցել Հայաստանի կառավարության հետ, և նոր համագործակցության վերաբերյալ նախնական պայմանավորվածություններ կան։ Այն միայն Մատենադարանին չի վերաբերում, խոսքը մեծ ինդուստրիալ համագործակցության մասին է», - լրագրողների հետ զրույցում ասել է նախագահ Սարգսյանը՝ նշելով, որ «Ֆրաունհոֆեր»-ը լավ գործընկեր կարող է լինել Հայաստանի համար, և իրականացվելիք ծրագրերը կարող են նպաստել հայկական արդյունաբերության ու արտադրության զարգացմանը։

Դիտվել է՝ 470

Մեկնաբանություններ