«Հաջորդ տարի ղարաբաղյան բանակցությունների համար ավելի բարենպաստ միջավայր կստեղծվի», - երեկ Բաքվում ասել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը: Նա նշել է՝ ինքը զգուշավոր լավատեսությամբ է գնահատում կարգավորման գործընթացում նկատվող վերջին միտումները: «Անցնող տարին անարդյունավետ չես որակի, կարգավորման համար հիմք է դրվել, հակամարտության կողմերը հանդիպել են, հունվարին ևս մեկ հանդիպում է նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, - փաստել է Ռուսաստանի դեսպանը: -Ռուսաստանը ողջունում է բանակցություններում նկատվող դրական միտումը, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը՝ մենք կշարունակենք ամեն կերպ աջակցել այդօրինակ մթնոլորտի կայացմանը»:
Դեսպանն առավել պերճախոս է եղել Ռուսաստանի և Ադրբեջանի փոխադարձ հարաբերությունների հարցում, տեղեկացնելով՝ կողմերը համագործակցության ծրագիր են մշակել, որը նախատեսում է՝ ինչպես են զարգացնելու հարաբերությունները մինչև 2024-ը: «Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ համատեղ ձեռնարկություններ բացել մեքենաշինության, նավթարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում», - ասել է Բոչարնիկովը՝ ընդգծելով, որ առաջին հերթին ուշադրության կենտրոնում են քաղաքական կապերն ու շփումները բարձրագույն ղեկավարության միջև:
«Այսօրվա դրությամբ պետք է արձանագրել, որ մեր երկրների ռազմավարական համագործակցությունն ամրապնդվել է, ամենատարբեր ոլորտներում մեր համագործակցությունն ընդլայնվել է, կառավարությունները միմյանց լավ են հասկանում, մեր նախագահներն էլ հրաշալի հարաբերություններ ունեն», - նշել է նա:
Երեկ՝ Ադրբեջանի նախագահի ծննդյան օրը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախ շնորհավորական ուղերձ էր հղել, ապա՝ հեռախոսազանգով շնորհավորել Իլհամ Ալիևին: Կրեմլի կայքը հաղորդել էր, որ հեռախոսազրույցի ընթացքում «երկու նախագահները քննարկել են ռուս-ադրբեջանական օրակարգի մի շարք արդիական հարցեր»: