Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արմեն Սարգսյան․ Մեզնից՝ որպես երկիր ու ժողովուրդ, աշխարհի սպասելիքներն ավելի շատ են

Արմեն Սարգսյան․ Մեզնից՝ որպես երկիր ու ժողովուրդ, աշխարհի սպասելիքներն ավելի շատ են
29.12.2018 | 22:06

2018-ը պատմական տարի է տարբեր իմաստներով: Եթե մտածենք, թե հային ինչպես են բնութագրում և Հայաստանում, և դրսում, կարձանագրենք, որ հիշում են աշխատասեր, ազնիվ մարդու կերպարը: Ազգ, որն առաջին քրիստոնյան է եղել, որը 20-րդ դարի առաջին մեծ ողբերգությունն է կրել՝ Մեծ Եղեռնը: Բայց նաև հիշելու ենք, որ 2018-ին մեր ժողովուրդը հսկայական փոփոխություններ արեց, որոնք կարելի է գնահատել և որպես թավշյա հեղափոխություն, և որպես հեղափոխություն հայկական ձևով:


Արտերկրում հանդիպել եմ մարդկանց, ովքեր կատարվածը գնահատում են որպես հայկական հրաշք: Որովհետև 21-րդ դարի այս ժամանակաշրջանում նմանատիպ կերպով այսպիսի փոփոխություններ անելն իրականում հրաշքի նման է, քանի որ աշխարհը շատ ավելի դինամիկ է ու անկանխատեսելի, ինչ-որ տեղ նաև՝ ավելի կոշտ ու կարծր: Եվ հայկական փոքր հրաշքն իր տեղն է ունենալու մեր ժողովրդի պատմության մեջ և ընդհանրապես: Մեզնից՝ որպես երկիր ու ժողովուրդ, աշխարհի սպասելիքներն ավելի շատ են: Մեզնից սպասելու են նոր հեղափոխություններ՝ տնտեսական, մշակութային, գուցե նոր, փոքր հրաշքներ: Իհարկե, նմանատիպ հրաշքներ սպասելու է նաև ողջ ժողովուրդը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել հեռացող Ազգային ժողովին, պարոն Բաբլոյան, Ձեզ առանձնապես, կառավարության բոլոր անդամներին: Եվ, իհարկե, ուզում եմ առիթն օգտագործել շնորհավորելու պարոն վարչապետ, Ձեզ և Ձեր գործընկերներին՝ խորհրդարանական ընտրություններում փայլուն հաղթանակ տանելու առթիվ: Ուզում եմ շնորհավորել պարոն Ծառուկյանին և պարոն Մարուքյանին և նրանց գործընկերներին՝ Ազգային ժողովում իրենց ներկայությունն ապահովելու համար:


Իսկ 2019-ը սկսվելու է ոչ միայն նոր խորհրդարանով, նոր կառավարությունով, այլև, վստահ եմ, նոր մոտեցումներով: Եվ առաջիններից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունն առաջին անգամ երկար տարիներից հետո ներկայացուցչական կազմով մասնակցելու է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին: Սա կարևորում եմ, որովհետև հնարավորություն է աշխարհին նորից պատմելու, որ Հայաստանում ոչ միայն հեղափոխություն է եղել, այլև կա հստակ ծրագիր, նպատակ, ցանկություն, եռանդ՝ նոր ձևով աշխատելու և կառուցելու այս երկիրը: Վստահ եմ, որ հենց առաջին օրերից և՛ Ազգային ժողովի բոլոր անդամները, և՛ կառավարությունը մի րոպե իսկ ազատ ժամանակ չեն ունենա: Այդ առիթով բոլորին ուզում եմ նորից շնորհավորել, քանի որ այդ մեկ րոպե անգամ ազատ ժամանակ չունենալը նշանակում է 24 ժամ ծառայել ժողովրդին ու պետությանը: Ուզում եմ մաղթել, որ 2019 թվականը և Հայաստանի համար, և միջազգային առումով կրկին լինի հայկական տարի:

Դիտվել է՝ 1413

Մեկնաբանություններ