Հռոմի պապ Ֆրանցիսկոսը փոխել է Տերունական աղոթքի տողերից մեկը՝ քննադատելով աղոթքի անգլերեն թարգմանությունը, գրում է Daily Mail-ը։
Խոսքը «Եվ մի՛ տանիր զմեզ ի փորձություն» տողի մասին է։ Այս խնդրանքն ուղղված է Աստծուն, ինչը, կաթոլիկների առաջնորդի խոսքով, սխալ է, քանի որ մեզ փորձության մղում է ոչ թե Աստված, այլ Սատանան։ Աղոթքի այդ տողն այսուհետ կլինի «մի՛ թող, որ տրվենք փորձությանը»։ Այս տարբերակն ավելի մոտ է աղոթքի ֆրանսերեն թարգմանությանը։ «Սատանան է, որ մեզ փորձության է տանում, դա նրա գործն է, իսկ փորձությանը տրվողը ես եմ, Աստված չէ, որ ինձ մղում է դրան»,- պարզաբանել է Ֆրանցիսկոս պապը։
Տերունական աղոթքի տեքստում փոփոխությանն Աստվածաշնչի` 16 տարի տևած ուսումնասիրություն է նախորդել։ Գիտնականները եկել են այն եզրահանգմանը, որ աղոթքի թարգմանության մեջ սխալ է տեղի ունեցել։ Հիսուսն աղոթքն արտասանել է արամեերեն, որից թարգմանվել է հունարեն և այլ լեզուներով, անգլերեն տարբերակը թարգմանված է հունարենից։