«Հարկային օրենսգրքին կողմ չենք քվեարկելու, որովհետև այդտեղ կան բազմաթիվ խնդիրներ: Կան և լավ բաներ, և վատ: Համահարթեցմանը մենք դեմ ենք լինելու, որովհետև սա լիարժեք անարդարացի է, այսօր ժողովրդի հաշվին բյուջեի ավելացումը ընդունելի չի: Ընդհանրապես ունենք 800 հոգի, որ ստանում է 2 մլն դրամ աշխատավարձ: 800 հոգու համար պե՞տք է անեն համահարթեցում»՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: «Ես կխնդրեի՝ հարկային օրենսգիրքը վերանայողները, բարեփոխումներ անողները բարի թող լինեն համաշխարհային մակարդակով նայեն»,- ասաց Ծառուկյանը, հավելելով, որ, օրինակ, Գերմանիայում, եթե անձը ստանում է 9000 եվրո, չի հարկվում: Նրա խոսքով՝ Հայաստանում ևս պիտի օրենք ընդունեն, որ մինչև 150 000 դրամ աշխատավարձ ստացող անձինք չհարկվեն:
Գագիկ Ծառուկյանն ասաց, որ դեմ են քվեարկելու փաթեթին, հենց համահարթեցման համար:
Հարցին՝ այս դեպքում տնտեսվարողները կտուժեն, Ծառուկյանը համաձայնեց՝ միանշանակ: «Չհասկացա, եթե հիմա դու ստանում ես 65 000 դրամ, մյուսը 3 մլն, եթե դնում ու նույն չափով են հարկում, քո 65 000-ից ի՞նչ կմնա: Բայց էն 2 մլն ստացողի վրա չի ազդի»,-նշեց Ծառուկյանը: Նա ասաց, որ եթե օրինագիծն, այնուամենայնիվ, ընդունվի, իր վրա բացասաբար չի անդրադառնա, իրենք պատրաստ են դրան: