Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոր առաջարկները, նշել է, որ կողմերը, ընդհանուր առմամբ, քննարկում են միևնույն գաղափարները: «Մեր միջև շարունակում են բավականին լուրջ տարաձայնություններ լինել: Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ առաջարկները նույնն են: 15 տարի մենք տեսնում ենք միևնույն գաղափարները, խաղաղության նույն ծրագիրը»,-Մամեդյարովի խոսքը մեջբերում է minval.az-ը:
ԱԳ նախարարն ընդգծել է, որ հանդիպման շրջանակում անցկացվել են «ինտենսիվ և խորքային» բանակցություններ: Մամեդյարովը ասել է, որ ՄԽ համանախագահները հավելյալ փաստաթղթեր են ներկայացրել առավել բովանդակալից բանակցությունների համար: «Մանրամասների հարցում որոշ տարաձայնություններ կային, սակայն, ինչպես ասում են, քննարկումների ժամանակ ամենակարևորը հենց մանրուքներն են: Մենք գիտակցում ենք, որ անհրաժեշտ է ավելի շատ քաղաքական կամք դրսևորել: Շփման գծում իրավիճակը չպետք է խոչընդոտի դեպի խաղաղության պայմանագիրը կամ հռչակագիրը տանող առաջընթացին»,-ասել է Մամեդյարովը: Ադրբեջանի ԱԳՆ-ն, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, հայտարարել է, որ ՄԽ համանախագահները ներկայացրել են հստակ արդյունքների հասնելուն ուղղված առաջարկներ: Նշվել է, որ ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպմանը համանախագահները երկու կողմերի քննարկմանն են ներկայացրել հստակ արդյունքների հասնելուն և հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացմանն ուղղված առաջարկներ, հանդիպման շնորհիվ համաձայնություն է ձեռք բերվել առաջիկա ամիսներին նույն ձևաչափով հերթական հանդիպումն անցկացնելու վերաբերյալ: