Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ամենայն Հայոց կաթողիկոսը հյուրընկալել է Տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողների

Ամենայն Հայոց կաթողիկոսը հյուրընկալել է Տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողների
09.07.2019 | 23:52

Հուլիսի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի անդամների և միջբուհական «Հաղթանակած» երիտասարդական նախաձեռնության ներկայացուցիչների հետ՝ ուղեկցությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական միության հոգևոր տեսուչ և կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանի: Հանդիպմանը Թովմա վարդապետը Նորին Սրբությանը տեղեկություններ է հաղորդել ՀԵՀԵՄ-ի և ՀՊՏՀ-ի ուսանողական խորհրդի համագործակցության և նախանշվող համատեղ նոր ծրագրերի մասին: Երիտասարդները Վեհափառ Հայրապետին հանգամանորեն ներկայացրել են իրենց գործունեությունը՝ ընդգծելով, որ իրենց առաքելության կարևորագույն ուղղություններից է ազգային գաղափարախոսության տարածումը:


Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակություն է հայտնել ՀԵՀԵՄ-ի և բարձրագույն ուսումնական հաստատությունների ու ազգային կառույցների միջև կապերի առնչությամբ՝ հաստատելով, որ այդ շփումը հնարավորություն է ընձեռում ուսանողությանը լավագույնս ճանաչելու Հայոց Եկեղեցին: Նորին Սրբությունը նշել է, որ Հայ Եկեղեցու մասին պատկերացումները հաճախ սահմանափակվում են ծիսապաշտական արարողություններով, մինչդեռ, ըստ Հայոց Հովվապետի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կրողն է հայ ժողովրդի հոգևոր և ազգային մշակույթի հսկայական ժառանգության, որի նպատակն է եղել բոլոր ժամանակներում աստվածաճանաչողությունը հասանելի դարձնել հայորդիներին:
Նորին Սրբությունը վերահաստատել է, որ Հայ Եկեղեցու առաքելությունն է ըստ ամենայնի աջակցել հայ երիտասարդին կանգնելու աստվածաճանաչողության ճանապարհին և ընթանալու դրանով` հավատարիմ ժառանգորդները լինելով իրենց հայրերի կերտած հոգևոր ու մշակութային արժեքների:


Վեհափառ Հայրապետը անդրադարձ է կատարել երիտասարդության հոգիները փոթորկող ժամանակակից մարտահրավերներին և տարածվող կործանարար կեղծ գաղափարախոսություններին` դրանց հաղթահարման գործում կարևորելով ինքնաճանաչողությունը, ծանոթությունը Հայոց Եկեղեցու վարդապետությանը և քարոզած արժեքներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուսանողների հետ զրուցեց նաև հոգևոր կյանքի նկատմամբ ուշադրության, հաճախակի եկեղեցի այցելելու, աղոթական կյանքով ապրելու անհրաժեշտության և լավ ուսանելու կարևորության մասին: Նորին Սրբությունը երիտասարդ ուսանողներին պատգամել է իրենց ձեռք բերած գիտելիքներն ի սպաս դնել հայրենիքին` ապահովելով նրա առաջընթաց ու բարօր կյանքը:

Դիտվել է՝ 446

Մեկնաբանություններ