Կոսովոյում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են՝ չորրորդը 2008-ին Սերբիայից անկախացած երկրի պատմության մեջ: Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 1,9 միլիոն մարդ, ընտրություններին հետևում են հարյուրավոր միջազգային դիտորդներ: Խորհրդարանը ինքնալուծարվել էր վարչապետ Ռամուշ Հարադինայի հրաժարականից հետո: Նա թողեց պաշտոնը, երբ Հաագայի միջազգային դատարանը հարցաքննության կանչեց Կոսովոյի պատերազմի ժամանակ իր ղեկավարած ապստամբ ուժերի վերաբերյալ ցուցմունքներ տալու համար:
Սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ նրա գլխավորած կոալիցիայի դեմ հասարակական դժգոհությունը կարող է ճանապարհ հարթել ընդդիմադիր ուժերի հաղթանակի համար: Նախընտրական շրջանում մրցակիցները հիմնականում կենտրոնացել էին կոռուպցիայի դեմ պայքարի, գործազրկության և Սերբիայի հետ հաշտեցման հնարավորությունների վրա, որ հնարավորություն կտա Պրիշտինային դառնալ ՄԱԿ-ի լիիրավ անդամ: