Պենտագոնը չի մասնակցի ռազմական գործողությանը, որն Անկարան մտադիր է իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցից հետո, գրում է Politico-ն: Վաշինգտոնում հաստատել են, որ Թուրքիայի ծրագրած գործողությունը «շուտով» կսկսվի:
«ԱՄՆ ուժերը, որոնք հաղթել են ԻՊ-ի տեղական «խալիֆայությանը», այլևս չեն գտնվի անմիջական հարևանությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Քուրդ զինվորները նույնպես գործել են ամերիկյան զորքերի հետ Սիրիայում, սակայն Թուրքիան այդ ուժերը դիտարկում է իր թշնամի։ Քրդական ուժերը, որ պայքարում էին քրդերի համար անկախ հայրենիքի համար, կարող են լուրջ վտանգի մեջ հայտնվել, երբ թուրքական զորքերը ներխուժեն շրջան։ Էրդողանը դժգոհություն է հայտնել ԱՄՆ-ի՝ քրդական ուժերին ցուցաբերած աջակցությունից:
Սպիտակ տունը հայտարարությունն օգտագործել է նաև իր եվրոպացի դաշնակիցներին «դաշունահարելու համար»։ «ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրել Ֆրանսիայի, Գերմանիայի և եվրոպական այլ երկրների վրա, որտեղից եկել են ԻՊ-ի շատ գրոհայիններ՝ հորդորելով հետ տանել իրենց քաղաքացիներին, բայց նրանք հրաժարվել են իրենց քաղաքացիներից»,- ասված է հայտարարության մեջ: Սպիտակ տանն ընդգծել են, որ այժմ Թուրքիան պատասխանատվություն է կրելու ԻՊ բոլոր գրոհայինների համար, որ գերեվարվել են ահաբեկչական խմբավորման ջախջախումից հետո վերջին երկու տարում:
Առաջիկա շաբաթներին նախատեսված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Էրդողանի հանդիպումը: