Դատարանը բավարարել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հայցը: Նրա փաստաբան Տիգրան Մարտիրոսյանն ասել է. «Դատարանն այսօր հրապարակեց վճիռը․ մեր հայցն ամբողջությամբ բավարարվել է: Համաձայն վճռի՝ անվարեր է ճանաչվել Նազենի Ղարիբյանի՝ 2019-ի մարտի 28-ին պարոն Օրբելյանին աշխատանքից ազատելու մասին հրամանը, և պարոն Օրբելյանը վերականգնվել է իր՝ թատրոնի տնօրենի պաշտոնին»: Մարտիրոսյանի խոսքով՝ դատարանի վճիռի հիման վրա պարտավորեցվել է վճարել Օրբելյանի հարկադիր պարապուրդի գումարը: Նաև պարտավորեցվել է վճարել Օրբելյանի դատական ծախսերը:
«Սկսած ապրիլի 1-ից պետք է հաշվարկվի իր պարապուրդի գումարը մինչև նրա փաստացի վերականգնման օրը, և վճարվի պարոն Օրբելյանին: Նախարարությանը և թատրոնին պարտավորեցվել է վճարել նաև դատական ծախսերը, դա փաստաբանի վճարն է, խելամիտ վարձատրության գումարն է 470000 դրամ, նաև նախարարությունը և օպերային թատրոնը պետք է վճարեն պետական տուրքի գումարը, որը կազմում է պարապուրդի գումարի 2 %-ը»,-ասաց փաստաբանը:
Վճիռն օրինական ուժ է ստանալու 30 օր հետո: Փաստաբանը նշեց նաև, որ տեղյակ չեն՝ պատասխանող կողմը կբողոքարկի որոշումը, թե ոչ, դա պատասխանող կողմի դատավարական իրավունքն է և հավելեց, որ եթե անգամ բողոքարկեն տարբեր դատական ատյաններում, իրենք շարունակելու են պնդել իրենց դիրքորոշումը։