Քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG) ծանր սպառազինություն չեն ստացել ԱՄՆ-ից, որով կարող են դիմակայել թուրքական ինքնաթիռներին կամ տանկերին, հաղորդում է Reuters գործակալությունը՝ YPG-ի անանուն անդամին հղումով: Գործակալության զրուցակցի խոսքով՝ ամենահզոր զենքը, որ քրդերը ստացել են ԱՄՆ-ից, ականանետային արկերն են: «Չկան ոչ հրթիռներ, ոչ զենիթային սպառազինություն և ոչ էլ տանկեր»,- հայտնել է աղբյուրը:
Այնուհանդերձ, քրդերը մտադիր են վճռականորեն պայքարել թուրքական բանակի և նրան աջակցող սիրիացի ապստամբների դեմ:
Թուրքիայի դիրքորոշմանը ծանոթ սիրիական աղբյուրը հայտարարել է, որ Անկարան վաղուց է հետևում ԱՄՆ-ից YPG-ին մատակարարվող զենքին և «մշտապես» ամերիկացիների հետ քննարկել է մատակարարվող զենքի տեսակը: ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության նախկին ղեկավար Ջոզեֆ Վոթելը ասել է, որ քրդական կազմավորումները չեն կարող կանգնեցնել Սիրիայի տարածքում Թուրքիայի առաջխաղացումը: «Կարծում եմ՝ նախևառաջ քրդերն իրենց պաշտպանելու համար կձեռնարկեն ցանկացած միջոց, բայց երբ ակնհայտ դառնա, որ չեն կարող դիմագրավել արդիականացված բանակին և հնարավորություններին, որ ունի Թուրքիան, կարծում եմ, նրանք կլքեն այդ շրջանը»,-հայտարարել է աղբյուրը: