«Փաստը» գրում է. «Իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ցնծությամբ ավետում են դեպի Եվրոպա սպասվող բյուջետային չվերթների ցածր գների մասին ու հայտարարում՝ ապրի Տաթևիկ Ռևազյանը: Իրականությունը, սակայն, այլ է, և բլոգերային ազարտով այս տեղեկատվական հրճվանքը լուրջ նրբերանգներ ունի: «Փաստի» տեղեկություններով՝ դեռևս 2014-15 թվականներին Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ բանակցություններ են սկսվել Ryanair և Wizzair ավիաընկերությունների հետ՝ մատչելի չվերթներ սկսելու վերաբերյալ:
Ավիաընկերությունները, սակայն, թռիչքներ իրականացնելու համար հսկայական սուբսիդիաներ և արտոնություններ են պահանջել, ինչը մերժվել է, և բանակցությունները պարբերաբար շարունակվել են այնքան ժամանակ, մինչև Փաշինյանը համաձայնել է տրամադրել դրանք... Խոսքը տարեկան մոտ 5-10 մլն դոլարի մասին է, որը վճարվելու է հարկատուներիս հաշվին:
Թեմայի հետ կապված գրառմամբ էր հանդես եկել նաև բլոգեր Սերգեյ Լապշինը։ Հավելենք, որ փաստացի տեղի ունեցածը ոչ թե «հեղափոխության» արդյունք է, այլ տարիներ առաջ «Բաց երկնքի քաղաքականության» ընդունման և ԵՄ-ի հետ «Ընդհանուր օդային տարածքի» համաձայնագրի բանակցման արդյունք։
Թերթի տեղեկություններով, առաջիկայում չի բացառվում, որ Հայաստան «գան» էլի մի քանի բյուջետային նոր ընկերություններ, քանի որ, մեր աղբյուրի փոխանցմամբ, մինչև 2018-ը կառավարությունը բանակցում էր ևս մի քանի եվրոպական ընկերությունների հետ։ Այդուամենայնիվ, կարծիքներ կան, որ ամբողջ աշխարհում նման բյուջետային չվերթները նախընտրելի չեն համարվում՝ որպես երկրորդ կարգի, ցածրակարգ սպասարկում ունեցող ծառայություն: Դրանք Եվրոպայում նախատեսված են մի քաղաքից մյուսը աշխատանքի գնալու համար, իսկ միջազգային փոխադրումների պարագայում սպասարկում են սակավ ունևոր խավին: Ուստի, մասնագետների համոզմամբ, դա չի կարող էականորեն ազդել առավել որակյալ ու կանոնավոր ավիափոխադրումներ իրականացնող ընկերությունների գնային քաղաքականության վրա: Հետևաբար ցանկալի կլիներ ուրախալի լուրերի շարքում ունենալ առավել լուրջ ձեռքբերումներ... Ու մեկ-մեկ էլ՝ սեփական ձեռքբերումներ»: