Կոռուպցիայի մասին խոսելիս՝ չպետք է պատկերացնենք վիճակ, թե Հայաստանում ընդհանրապես քրեական գործ չպետք է հարուցվի, ընդհակառակը՝ պետք է հայտնաբերվի, որ մենք խոսենք կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի մասին՝ լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հարցին, թե խոսվում է կոռուպցիայի մասին, բայց ամեն շաբաթ քրեակատարողական հիմնարկներում արգելված իրեր են հայտնաբերվում:
«Արգելված իրերի, մասնավորապես, թմրանյութի հայտնաբերման շեշտակի աճ կա: Կարող եք դա անընդհատ տեսնել հայտարարություններում: Դա քրեակատարողական ծառայության, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության սերտ համագործակցության արդյունքն է: Օրերս, օրինակ, փորձել են պարսատիկով մետանֆետամին թմրամիջոց մտցնել քրեակատարողական հիմնարկ, բայց այդ փորձը ևս խափանվել է: Պետք է հասնենք նրան, որ մի օր խոսենք իդեալական վիճակի մասին, երբ նույնիսկ նման փորձեր չեն լինի»,- ասաց նա: Դիտարկմանը, թե Արդարադատության փոխնախարարը հայտարարել է, որ անցումային արդարադատությամբ ուսումնասիրվելու է 1998- 2018-ի գործերը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ, անցումային արդարադատության մասին խոսելիս, ասել էր, որ այն գործերում, որտեղ արյուն կա, չի ներվելու, իսկ այն գործերում, որտեղ արյուն չկա, գումարը վերադարձնելու են ու ներվեն, այսինքն՝ անցումային արդարադատության երկո՞ւ տեսակ է լինելու, Բադասյանն ասաց. «Ընտրված է անցումային արդարադատության այնպիսի մոդել, որով վեր են հանվելու նախկինում հիմնարար իրավունքի խախտման դեպքերը, անցումային արդարադատության մոդելում դրված չէ պատժիչ նպատակը: Այսինքն՝ պատժելու, հետապնդելու, քրեական գործեր հարուցելու նպատակ չի հետապնդելու, դա արված է, որ, ի վերջո, հնարավոր լինի որոշակի գնահատական տալ ընտրությունների կեղծման կամ սեփականությունից զրկելու այն դեպքերին, երբ ակնհայտ ապօրինի են եղել, և մտածել տուժողների խախտված իրավունքները վերականգնելու մասին։ Դա կարող է լինել դրամական օգնություն տալու կամ այլ ձևով, օրինակ՝ իրավունքի խախտման համար պետության կողմից ներողություն խնդրելու»: