ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Առաջին ալիքի նկարահանած «ՄԳԻՄՕ. Աշխարհի բոլոր լեզուներով» ֆիլմում պատմել է, որ ի հեճուկս ֆրանսերենի և արաբական լեզուների երազանքի՝ նրան տեղավորել էին անգլերեն և սինգալերեն ուսումնասիրողների խմբում: Դիվանագետը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի՝ ՄԳԻՄՕ-ի 75-ամյակին նվիրված ֆիլմում պատմել է, թե ինչպես է իր դասախոսին հաջողվել հետաքրքրություն առաջացնել սինգալերենի նկատմամբ:
«Ես ընտրել էի ֆրանսերեն և արաբերեն լեզուների բաժինը: Այն ժամանակ անգլերեն արդեն բավականին լավ գիտեի և «հինգի» էի հանձնել քննությունը: Իսկ ֆրանսերենն ու արաբական լեզուները հետաքրքիր էին: 1967 թիվն էր, և Մերձավոր Արևելքում շատ բան էր տեղի ունենում»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ քննություններից հետո իր անունը՝ Լավրով Ս. Վ., տեսել էր անգլո-ֆրանսերեն առաջին խմբում: Սակայն սեպտեմբերի 1-ին գալով լսարան՝ պարզել է, որ երկու ուսանող կա այդ ազգանունով, որ այդ խմբում ընդգրկվել էր իր անվանակիցը, որի միայն հայրանունն էր տարբեր՝ Վլադիմիր Վիկտորի փոխարեն, իսկ իր խումբը ոչ թե առաջինն էր այլ վերջինը՝ 11-րդը: Սինգալերենի հանդեպ հետաքրքրություն առաջացել է, քանի որ նորություն էր: «Նոր լեզու, լրիվ այլ գրելաոճ, որն ինչ-որ բանով նման է հայկական գրին: Դա սանսկրիտ է, լեզու՝ երկհնչյուն տառերով: Շատ զվարճալի էր: Եվ դասախոսն էլ, որը երբևէ չէր եղել Շրի Լանկայում, շատ հետաքրքիր էր ուսուցանում այդ լեզուն»,- հավելել է նախարարը: Իսկ ֆրանսերենը նա հետագայում ընտրել է որպես երրորդ լեզու: