Եվրոպական միությունն ուշադրությամբ կհետևի դատական գործերի ընթացքին ու հետևանքներին, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտարարել են ՀՀ-ում ԵՄ դեսպանությունից։
«Մենք չենք մեկնաբանում ընթացող անհատական հետաքննությունները կամ դատական գործերը», - ասել են դեսպանությունից՝ պատասխանելով Aysor.am-ի հարցերին, թե հետևու՞մ են ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին ու ինչպե՞ս կգնահատեն ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի կալանավորումը։ ԵՄ դեսպանությունից վստահեցրել են՝ օրենքի գերակայության և դատական բարեփոխումների խթանումն առաջնահերթություն է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնած պարտավորությունների համաձայն։
«ԵՄ-ն պարտավորվում է աջակցել կառավարության բարեփոխումների հավակնոտ ծրագրին, որը վերջերս ներկայացվել է արդարադատության ոլորտի բարեփոխումների ռազմավարությամբ։ Հայաստանում արդարադատության համակարգի կազմակերպման իրավասությունը լիովին պատկանում է կառավարությանը, այդուհանդերձ՝ այն պետք է համապատասխանի Հայաստանի միջազգային, այդ թվում Եվրոպայի խորհրդի շրջանակներում ստանձնած պարտավորություններին», - ասված է դեսպանատան պատասխանում: