Ռուսական կողմն աջակցում է ԵԱՀԿ գործունեությանը՝ ԼՂ հակամարտության կարգավորման որոնման հարցում՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մամլո ասուլիսի ժամանակ։ «Մենք աջակցում ենք ԵԱՀԿ գործունեությանը մերձդնեստրյան կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ պայմանավորվածություններ փնտրելու հարցում»,-ասել է Լավրովը՝ Մոսկվայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ բանակցությունների ավարտին։ ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ապրիլին Մոսկվայում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը, որին ներկա էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ «Այն ժամանակ շատ լավ հանդիպում է եղել, կենդանի և անկեղծ քննարկում, որի արդյունքներով մի շարք մարդասիրական միջոցառումների իրականացման հեռանկար է ձևավորվել, որոնք կարող են ամրապնդել հակամարտության կարգավորման քաղաքական երկխոսության հեռանկարային հնարավոր մոտեցումները»,-շեշտել է Լավրովը։
«Ներկա պահին ԵԱՀԿ քարտուղարության միջնորդությամբ երկխոսություն է ընթանում հակամարտության կողմերի միջև Ադրբեջանից և Հայաստանից լրագրողների փոխադարձ այցելությունների մասին։ Հույս կա։ Թեև կալանավորված անձանց հետ կապված իրավիճակն այնքան էլ լավատեսական չէ, մենք այնուամենայնիվ կարծում ենք, որ պետք է աշխատել այդ ուղղությամբ»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը: