Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ինչպես Ջեյմս Ջոյսը Դուբլինում դարձավ Ջեյմս ՋոՆս

Ինչպես Ջեյմս Ջոյսը Դուբլինում դարձավ Ջեյմս ՋոՆս
15.11.2026 | 18:15

(բարեբախտաբար «Edit» կոճակն առայժմ անզոր է սրբագրել կենդանի խոսքը)

Երբ հայաստանյան առօրյան վերածվել է դժգույն, գորշ ու անպարագիծ դատարկության, իսկ իրադարձությունների անվերջ հոսքը վաղուց կորցրել է որևէ գոյաբանական կշիռ՝ դառնալով պարզապես հոգնեցուցիչ աղմուկ, մարդու հոգին սկսում է խեղդվել անհեթեթության մեջ։ Եվ ահա, հենց այդ մտավոր անապատում, որպես հումորի մարդասիրական օգնություն՝ «смех с доставкой на дом» ձևաչափով, հայտնվեց Նիկոլ Փաշինյանի հերթական տեսաուղերձը՝ Դուբլինից։
Ուշադիր, նույնիսկ ինչ-որ ծիսական «երկյուղածությամբ» ունկնդրեցի այս ֆանտասմագորիկ «պատումը», որտեղ ամեն մի վանկ հավակնում էր դառնալ համաշխարհային գրականագիտության մեծագույն հայտնությունը.
«Էն շենքը, որ տեսնում եք թիկունքում, դա «Բելվեդեր» քոլեջն է։ Եվ պարզվում ա ստեղ ա սովորել իռլանդացի մեծ գրող Ջեյմս ՋոՆսը։ Եվ ինձ պատմեցին Դուբլինում՝ եվրոպական և միջազգային ինստիտուտում Դուբլինի, պատմեցին, որ Ջեյմս ՋոՆսը այս դպրոցում ա սովորել։ Ես էլ իրանց պատմեցի, թե ոնց էի բանտում կարդում Ջեյմս ՋոՆսի «Ուլիսեսը»։ Շատ հետաքրքիր տեղ և շատ հետաքրքիր իրադարձություն։ Լավ էղեք»։
Ու՜... ամենայն անկեղծությամբ՝ լա՜վ «էղա»։ Այնքա՜ն լավ, որ հրահանգը գործեց ակնթարթորեն՝ բժշկական ճշգրտությամբ։ Մի քանի օր տևած անթափանց, ծանր ու բացարձակ լռությունից հետո հանկարծ սկսեցի քրքջալ լիաթոք։ Այնքան անզուսպ ու անսպասելի պոռթկում էր, որ տանեցիները մի պահ նայեցին քարացած՝ անկեղծորեն կարծելով, թե հայրենական իրականությունն ինձ վերջնականապես հասցրել է կլինիկական խելագարության։
Բայց անզուսպ հռհռոցս ամենևին էլ խելագարություն չէր։ Դա այն բացառիկ պահն էր, երբ գոյության ծանրությունը տեղի տվեց անհեթեթության անհաղթահարելի ուժի առջև՝ վերջնականապես ապացուցելով. երբ պետական մտքի դաշտում սպառվում են լուրջ փաստարկները, դիվանագիտական ճակատը փրկելու է գալիս համաշխարհային գրականության «այլընտրանքային» պատմությունը։
Քաղաքական թատրոնի տխուր միապաղաղությունը մի պահ ճեղքվեց ինքնաբուխ հեգնանքով՝ մերկացնելով մեր ժամանակների ամենախորքային ախտերից մեկը՝ խորության փոխարինումը ձևականությամբ, իսկ իրական գիտելիքի փոխարինումը՝ մի քանի վայրկյանանոց տեսանյութով «ինտելեկտուալ» տպավորություն թողնելու պրիմիտիվ մոլուցքով։
Երբ բովանդակությունը նահանջում է՝ տեղը զիջելով դժգույն էֆեկտին, անխուսափելիորեն ծնվում է զավեշտալի իրականություն. այնտեղ կարելի է ամենայն լրջությամբ, պետական այրին վայել ինքնավստահությամբ խոսել համաշխարհային գրականության ամենաբարդ լաբիրինթոսներից՝ սայթաքելով հենց մուտքի դռան շեմին՝ հեղինակի ազգանվան վրա, ու բերանքսիվայր շրմփալ գետնին։
Այդ «զվարճալի» տեսանյութում ասես խտացավ մեր հանրային կեցության ողբերգական կոմիզմը։
Պարզվում է՝ կարելի է ամենայն հպարտությամբ աշխարհին պատմել բանտային խցում կատարած սեփական ինտելեկտուալ սխրանքների մասին՝ առանց նույնիսկ մեկ վայրկյան կանգ առնելու ու ստուգելու, թե գոնե ճի՞շտ ես արտաբերում այն հեղինակի ազգանունը, ում ստվերում փորձում ես փայլել ու ինքնահաստատվել։
Իսկ երբ հայացքդ գցում ես 37 վայրկյան տևողությամբ այդ «գլուխգործոցի» տակ ծավալված մեկնաբանությունների շքահանդեսին, հասկանում ես, որ իրական տրագիկոմեդիան դեռ առջևում է։ Այնտեղ մոլեռանդ երկրպագուների բանակը, որոնց համար «կավե ոտքերով» սեփական կուռքի ցանկացած շունչ աստվածային հայտնություն է, հիացմունքից հալչելով կրկնում է նույն կոլեկտիվ տրանսի մանտրաները՝
«բազմակողմանի զարգացած մեր հզոր վարչապետ»,
«ամենագիտակ առաջնորդ, որ անգամ մեզ է նոր գիտելիք տալիս»,
«ի՜նչ հեղինակների է կարդացել»...
Եվ չես էլ կարող առարկել. իսկապես նոր գիտելիք է տալիս՝ մի ամբողջ ազգի ծանոթացնելով համաշխարհային գրականության մինչ այժմ անհայտ տիտան՝ «Ջեյմս ՋոՆս»-ի հետ։ Մի խոսքով՝ «ինտելեկտուալ»։
Սա արդեն պարզապես անտեղյակություն չէ, այլ հավաքական ինքնախաբեության մի ամբողջ ծիսակարգ, որտեղ կույր հավատը ոչ միայն ջնջում է ճշմարտության սահմանները, այլև ցանկացած հիմարություն օծում որպես բարձրագույն իմաստություն։
Համընդհանուր էյֆորիայի մեջ վարչապետի «100 % օրգանիկ» ընտրազանգվածից ոչ մեկի մտքով անգամ չի էլ անցնում մի վայրկյան կանգ առնել, բացել գոնե Google-ի որոնողական համակարգն ու հարցնել՝ ի վերջո, ո՞վ է այդ առեղծվածային Ջեյմս ՋոՆսը, որի գոյությամբ իրենց «ամենագիտակ» առաջնորդն այդքան բորբոքված լուսավորում է ողջ ազգին։
Այս «ինտելեկտուալ» խրախճանքից հետո մտովի փորձեցի պատկերացնել իրավիճակի հայելային արտացոլանքը, որպեսզի հասկանամ, թե որքանով է խեղաթյուրվել մեր ընկալման օպտիկան։
Պատկերացրեք՝ Երևանի կենտրոնում՝ հին ուղղիչ տան շենքից ոչ հեռու, կանգնած է որևէ X երկրի վարչապետ։ Նա միացնում է տեսախցիկն ու իր հայրենակիցներին՝ այդ թվում նաև հայ գրականությանն ու Չարենցի ստեղծագործությանը քաջատեղյակ մարդկանց, անթաքույց ինքնագոհությամբ պատմում.
«Էն շենքը, որ տեսնում եք թիկունքում, Երևանի հին ուղղիչ տունն է։ Եվ պարզվում ա, ինձ պատմեցին Երևանում, որ ստեղ բանտարկված ա էղել հայ մեծ գրող Եղիշե ՉՐենցը։ Ես էլ իրանց պատմեցի, թե ոնց էի բանտում կարդում Եղիշե ՉՐենցի «Երևանի ուղղիչ տնից» վեպը։ Շատ հետաքրքիր տեղ և շատ հետաքրքիր իրադարձություն։ Լավ էղեք»։
Եվ ամենազավեշտալին՝ միաժամանակ նաև ամենատխուրն այն է, որ այդ X երկրի սոցցանցերում էլ, անշուշտ, կգտնվեին տեղական մոլեռանդ երկրպագուներ, որոնք հիացմունքից շնչակտուր կգրեին.
«Տեսե՛ք, թե ինչ խորը գրականություն է կարդացել մեր առաջնորդը՝ նույնիսկ Եղիշե ՉՐենցին գիտի»՝ միաժամանակ համոզված լինելով, որ «Երևանի ուղղիչ տնից»-ը համաշխարհային վիպագրության գլուխգործոց է։
Սակայն եթե սեփական երկրի ներսում՝ համացանցային հարմարավետ «պղպջակի» սահմաններում, ինքնագոհ միջակությունը կարող է հեշտությամբ ծափահարություններ կորզել իր հորինված «էրուդիցիայով», ապա իրական մշակույթի և կենդանի ինտելեկտի տարածքում այդ խաբկանքը վայրկենապես փշրվում է։ Երբ ներքին լսարանի հիացմունքից արբած ձևականությունը դուրս է գալիս միջազգային ասպարեզ, բուռն ծափահարություններին աներկբայորեն փոխարինում է դիվանագիտական քաղաքավարի, բայց ներքուստ շփոթված լռությունը՝ ամենահնչեղ ու անողոք դատավճիռը։
Ու հենց այստեղ, վարչապետի այս մեծ «հայտնագործությունից» հետո, անկախ ինձնից պատկերացրի Դուբլինի Եվրոպական և միջազգային հարցերի ինստիտուտի իռլանդացի մտավորականների դեմքի արտահայտությունը։
Պատկերացրեք այդ տեսարանը. Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող մարդն անթաքույց հպարտությամբ պատմում է, թե ինչպես է հայկական բանտում ընթերցել Իռլանդիայի ազգային գրական կուռքի՝ Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը», բայց համառորեն՝ ոչ թե մեկ՝ լեզվի պատահական սայթաքմամբ, այլ երեք անգամ անընդմեջ, անդրդվելի ինքնավստահությամբ հեղինակին կոչում է... Ջեյմս ՋոՆս։
Իսկ զրուցակիցները, դիվանագիտական էթիկետի բոլոր կանոններով զսպելով ներքին ցնցումը, ստիպված են պահպանել քաղաքավարի ժպիտը՝ մտքում փորձելով հասկանալ՝ արդյոք սա թարգմանության նորարարական մեթո՞դ է, թե՞ պարզապես «Ուլիսես»-ի շապիկին չնայելու յուրօրինակ արվեստ։
Իռլանդացիները, որոնք աշխարհին հայտնի են իրենց սուր, երբեմն նույնիսկ չարաճճի հումորով, բայց միաժամանակ՝ եվրոպական դիվանագիտական անթերի զսպվածությամբ, հավանաբար լսել են այս պատմությունը քաղաքավարի, սակայն դեմքին քարացած այնպիսի ժպիտով, որը ծնվում է միայն կատարյալ շփոթության և անզորության պահին։ Այդ կրթված, բարձրաշխարհիկ ժպիտների հետևում՝ Դուբլինի մտավորականների գլխում, անշուշտ, եռացել են մի քանի անպատասխան ու խիստ անհարմար հարցեր.
«Արդյոք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում «Ուլիսեսի» հատուկ, գաղտնի խմբագրությու՞ն է գործել, ըստ որի Դուբլինի փողոցներով զբոսնող Լեոպոլդ Բլումի փոխարեն Պեռլ Հարբորի խրամատներում հայտնվել է ամերիկացի ռազմական վիպասան Ջեյմս Ջոնսը՝ «Այսուհետև և հավիտյանս հավիտենից» վեպի հեղինակը»։
«Եթե մարդն իսկապես անազատության մեջ հաղթահարել է 700-էջանոց «Ուլիսեսը»՝ համաշխարհային գրականության այդ ամենաանհաղթահարելի մտավոր լաբիրինթոսը, վերծանել է «գիտակցության հոսքի» բոլոր ծուղակներն ու հոմերոսյան ենթատեքստերը, ապա ինչպե՞ս է կարողացել հասնել վերջին էջին ու այդպես էլ չնկատել շապիկի վրա խոշոր տառերով դաջված ընդամենը չորս տառանոց ազգանունը»։
Եվ վերջապես՝
«Արդյո՞ք սա մի նոր, աշխարհին դեռևս անհայտ հայկական գրական մեթոդ է՝ գիրքը կարդալ փակ աչքերով, իսկ դասական հեղինակին վերանվանել ըստ տվյալ օրվա քաղաքական տրամադրության և «այլընտրանքային իրականության» պահանջների»։
Հանուն ճշմարտության փաստենք՝ հետո, իհարկե, սոցցանցերի տեքստային հատվածում անտեսանելի սրբագրիչների կայծակնային միջամտությամբ «ՋոՆսը» հապճեպ դառնում է «Ջոյս»։
Սա մեր ժամանակների ամենատարածված ինքնախաբեության դրսևորումն է՝ հետին թվով խմբագրել իրականությունը, ինչպես այսօր թվային «կոսմետիկայով» խմբագրվում, շտկվում ու «մաքրվում» են բոլոր ձախողումները, սայթաքումներն ու պատմական անհաջողությունները։ Բայց չիմացությունն առավել ընդգծող այդ կոսմետիկ միջամտությունն անզոր է փոխել էությունը։ Գրավոր շտկված անունը պարզապես «հարբեցող կլոուն»-ի դիմակ է, որը հագցվում է արդեն տեղի ունեցած մտավոր աղետին, մինչդեռ կենդանի, անմիջական խոսքը՝ ինչպես և ցանկացած անկեղծ խոստովանություն, շատ ավելի դաժան է ու անողոք. այն միշտ մատնում է իրականությունը՝ անկախ նրանից, թե օրական քանի անգամ կսեղմես «խմբագրել» կոճակը։
Այն պահին, երբ մարդը փորձում է արհեստականորեն բարձրանալ սեփական իրական մակարդակից վեր, երբ փորձում է տպավորություն թողնել չունեցած ինտելեկտուալ խորությամբ ու գրական նուրբ ճաշակով, հենց առաջին բառով՝ հեղինակի ազգանվամբ, ինքն իրեն անխուսափելիորեն մատնում է։
Որովհետև իրական մշակույթն ու գիտելիքը հնարավոր չէ «հագնել» որպես վարձույթով վերցված տոնական կոստյում՝ միջազգային հանդիպումներից առաջ. չափսին չհամապատասխանող այդ հանդերձանքն առաջին իսկ անզգույշ շարժումից պատռվում է։
Դրանք կա՛մ մարդու ներսում են՝ որպես ապրված, տառապած ու մարսված իրականություն, կա՛մ պարզապես վերածվում են ծաղրելի դեկորացիայի՝ անողոքաբար մերկացնելով հավակնության և բովանդակության միջև եղած անդունդը՝ թողնելով մեզ միայն մեկ մխիթարություն. կարդալ գրքեր՝ գոնե շապիկից սկսած։
Ի վերջո, դուբլինցիները, որոնք գրական պարադոքսների նուրբ գիտակներ են, հավանաբար գնահատեցին այս ելույթը որպես Ջեյմս Ջոյսի հռչակավոր «գիտակցության հոսքի» նորարարական, հետմոդեռնիստական շարունակություն՝ ուղիղ եթերում. միայն այս անգամ դա ոչ թե գիտակցության, այլ անգիտակցության անվերահսկելի հոսք էր։
Զուգահեռ իրականություն, որտեղ կարելի է «հաղթահարել» համաշխարհային գրականության ամենաբարդ գլուխգործոցները՝ առանց երբևէ տեսնելու դրանց շապիկը, դասախոսություն կարդալ հեղինակի հայրենակիցներին՝ տեղում հորինելով նրա նոր ազգանունը, և ճառել օվկիանոսային խորության արժեքներից՝ մնալով բացառապես ջրի երեսին՝ փրփուրի մակարդակում։
Եվ մինչ Դուբլինի մտավորականները դեռ փորձում են ուշքի գալ այս գրական «բացահայտումից», մեզ ընդամենը մնում է վերադառնալ մեր գորշ առօրյային, կրկին լսել եթերից հնչող ինքնագոհ «լավ էղեք»-ը և հուսալ, որ գոնե հաջորդ միջազգային ուղևորության ժամանակ մեր պետության պատմությունն ու ապագան նույնքան հեշտությամբ չեն վերանվանվի, որքան անպաշտպան Ջեյմս Ջոյսը՝ մեկ ակնթարթում վերածվելով առեղծվածային միստր ՋոՆսի։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ.Գ.
Ի դեպ, անվանափոխության բարեփոխումները, ըստ ամենայնի, չսահմանափակվեցին միայն համաշխարհային գրականությամբ. Կամբոջայից վերադառնալուց անմիջապես հետո հրապարակված վերջին Reels-ում մեր մայրաքաղաքն արդեն իսկ «պաշտոնապես» ստացավ իր նոր, «թարմացված» անվանումը՝ Էրևան։
Սպասենք հաջորդ չվերթին։
Դիտվել է՝ 967

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ