Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Պակիստան կժամանեն ապրիլի 10-ին։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փոխանցմամբ՝ երկու կողմերը լուծել են գրեթե բոլոր չլուծված հարցերը, և Վաշինգտոնը Թեհրանի 10-կետանոց առաջարկները դիտարկում է որպես «աշխատանքային հիմք» հետագա բանակցությունների համար։               
 

Չի՛ ստացվելու

Չի՛ ստացվելու
08.04.2026 | 16:10

Գալիս ես իշխանության, մեծ- մեծ հոխորտում ես, թե` իմ զրոյական կետից եմ բանակցում, «ինչ ուզում եմ` էն էլ բանակցում եմ»` չհամարձակվեք ինձ տենց ապուշ հարցեր տալ: Հետո սկսում ես բռնել-դատել-վարկաբեկել զինվորականներին, գեներալներին, բանակը, արհամարհել ռազմավարական գործընկերոջդ եւ ԵԱՏՄ երկրների ղեկավարներին... ու դուխով տղա խաղալ:

Սադրիչ հայտարարություններ ես անում ու շաբաթը մեկ Արցախ մեկնում, նկարվում` տատ ու պապի արձանի մոտ, քոչարի պարում, կինդ ֆոտոսեսիա է անում Արցախում, հայտնի արտահայտությունն ես բղավում Ստեփանակերտի հրապարակում, քո ուզած մարդուն կարգում ես նախագահ, որ Արցախը Հայաստանի մարզ դառնա:

Հետո մի հատ պուճուր ռազմական գործողություն է տեղի ունենում Տավուշում, դա դարձնում ես ահեղ ճակատամարտ ու հերոսի, գեներալի կոչումներ շնորհում այդ գործողության մասնակիցներին, մինչեւ գալիս հասնում ես 2020 թ. սեպտեմբերի 27:

Մինչ այդ արդեն խնդրի խաղաղ կարգավորման, Արցախի համար շահեկան բոլոր առաջարկները մերժել ես: Ասել են` էդ հիմար ՍՈՒ ինքնաթիռները մի առնի` առել ես: Բանակը ելակով ապահովել ես: Ոչ մի բառ չես ասել, որ սպառազինության պակաս ունենք եւ ոչինչ չես արել, որ դրա պակասը լրացնես:

Պարտվել ենք, կորցրել ենք, սոսկալի զոհեր ենք ունեցել, կոտրվել ենք, կապիտուլացվել ենք... Փոխանակ դրանից հետո սկսեինք ոտքի կանգնել, կամաց-կամաց ապաքինել մեր վերքերը, գահավիժումը շարունակվել է ու դու ոչինչ չես արել դա կանգնեցնելու համար: Միայն մեղավորներ ես կարգել սրան-նրան...

Մի քանի ամիսը մեկ նոր կորուստ ու նահանջ, թշնամու` օրեցօր լկտիացող պահանջների կատարում, ստորացուցիչ սահմանազատում: Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում: Արցախի անվտանգության երաշխավորի պարտականություններից հրաժարում: Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության` քո համաձայնությամբ կամ մասնակցությամբ գերեվարում...եւ հայաթափում

Միայն մի բանում ես հաջողել այս 8 տարում` իշխանությունը կարողացել ես ամուր պահել, անգամ Արցախի հանձնումից հետո: Ոչ խղճի խայթ, ոչ ափսոսանք, ոչ մեղքի ու ամոթի զգացում, ոչ կարեկցանք տնազուրկ դարձած, հայրենիք կորցրած մեր հայրենակիցների նկատմամբ: Հակառակը` շարունակ թիրախավորել ես հայրենազուրկ մարդկանց եւ քո կողմնակիցներին ու համակիրներին անթաքույց մղել, որ ատելություն տարածեն բոլոր արցախցիների ու քեզ չընդունողների նկատմամբ, թիրախավորեն, նսեմացնեն ու հալածեն հայրենիքի համար պայքարողներին:

Հիմա մի բան ես անում` ներշնչում ես, որ եթե անգամ Հայաստանի կեսը կորցնենք` մնալու ես իշխանության, ամեն գնով պահելու ես իշխանությունը: Եթե դրա համար անհրաժեշտ լինի` անգամ նոր զոհերի ու նոր կորուստների գնով...

Չի ստացվելու...

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 276

Մեկնաբանություններ