ՄԱԿ-ում ԱՄԷ-ի դեսպան Ջամալ Ալ Մուշարաքը Ժնևում հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմում իր երկիրը «լիովին չհիմնավորված գործողությունների թիրախ է դարձել»։ Այդուհանդերձ, դեսպանը հավելել է. «Մենք բազմիցս շեշտել ենք և տարածաշրջանում սպասվող իրադարձություններից առաջ կրկնում ենք. Արաբական Միացյալ Էմիրությունները Իրանի վրա մեր տարածքից հարձակումներին չի մասնակցի և նման հակամարտության մեջ չի ներքաշվի»։               
 

Եթե Իրանում ներքին պառակտում չլինի, կարող է սկսվել այն, ինչը կոչվում է «հյուծման պատերազմ»

Եթե Իրանում ներքին պառակտում չլինի, կարող է սկսվել այն, ինչը կոչվում է «հյուծման պատերազմ»
03.03.2026 | 15:16

Պատկերավոր ասած՝ Հայաստանի դռան շեմին մեծ պատերազմ է։

Այդ պատերազմի կողմերից մեկը գերտերություն ԱՄՆ-ն է՝ իր դաշնակից Իսրայելով, մյուս կողմում՝ մեր հարևան Իրանը։

Արդեն իսկ թելեգրամ ալիքումս (t.me/varuzhandragoman) կարող եք գտնել այս մեծ բախման բազմաթիվ մանրամասներ, որոնք ուղղակիորեն առնչվում են մեզ։

Սակայն այժմ այստեղ ուզում եմ հակիրճ գրել այն 3 կարևոր զարգացումների մասին, որոնք առաջիկա օրերին կարող են դառնալ հակամարտության ու տարածաշրջանի ապագայի փոփոխության հիմքերը։

-ԱՄՆ-ը և հատկապես Իսրայելը առաջիկա օրերին, իրանական ենթակառուցվածքը թիրախավորող ավիահարվածներին զուգահեռ, փորձելու են անել երկու բան. Նախ՝ անկայունացնել ներքաղաքական իրավիճակը Իրանում, երկրորդ՝ դրդել զինված անջատողական պայքարի Իրանի տարբեր ժողովուրդներին։ Այլ բառերով ասած՝ Իրանը բաժան-բաժան անել։

-Վերոնշյալի կոնտեքստում այս պահին արդեն իսկ հայտնի է, որ Թրամփը (դարձյալ, հավանաբար, իսրայելական դրդմամբ) բանակցել է տարածաշրջանի քրդական ուժերի հետ: Եթե սրան գումարենք նաև քրդերով բնակեցված իրան-իրաքյան սահմանի իրանական սահմանապահ դիրքերի ու ռազմական հենակետերի վրա վերջին օրերին արված ավիահարվածները, ապա պատկերը դառնում է ամբողջական։ Քրդերից զատ, քարոզչական և այլ միջոցներով, թիրախավորվում են Իրանի հարավ-արևելքում ապրող բելուջները և մեր սահմանների երկայնքով ապրող թյուրքախոս իրանցիները (ազարիները)։

-Այաթոլլահ Խամենեիի սպանությունը մարտավարական հաջողություն էր ամերիկա-իսրայելական ուժերի համար, բայց ոչ՝ ռազմավարական հաղթանակ: Տպավորություն է, որ ողջ հույսը դնելով Իրանի իշխանության արագ տապալման վրա ու դա չստանալով` հարձակվող կողմը չունի լիարժեք պատկերացում պատերազմի ավարտի այլ սցենարի մասին: Ավելին՝ կա իրանական համակարգը թերագնահատելու միտում։ Դրա համար են հայտնվում տարբեր ու իրար հակասող հայտարարություններ պատերազմը շարունակելու պատրաստակամության ժամկետների մասին: Այլ բառերով` հայտնի չէ ամերիկա-իսրայելյան exit strategy-ն:

Չնայած երկկողմանի քարոզչությանը՝ իրավիճակը դեռ շատ հեռու է կանխատեսելի լինելուց։ Ավելին՝ եթե Իրանում ներքին պառակտում չլինի, կարող է սկսվել այն, ինչ կոչվում է «հյուծման պատերազմ» (wars of attrition)՝ երկար, դիմացկունության, այլ ոչ թե միայն նյութական ռեսուրների պայքար, որում հաղթողը բնավ ամենաշատ զենք ունեցողը չէ։ Այն ներառելու է նոր երկրներ. արդեն իսկ 10-ից ավել երկիր տուժել է՝ հարևան Իրաքից մինչև Կիպրոս։

Շարունակենք հետևել մեզ համար այս չափազանց կարևոր գործընթացին, որի հետևանքները անմիջապես զգալու ենք բառացիորեն օրերս, օրինակ, երբ ամեն ինչ թանկանա՝ Հորմուզի նեղուցի փակվելու պատճառով։ Նկարում հենց այդ Հորմուզի նեղուցն է՝ տիեզերքից, որը աշխարհի ամենակարևոր ծովային ուղիներից մեկն է և որն այս պահին գտնվում է իրանական փաստացի վերահսկողության ներքո։

Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ

Դիտվել է՝ 1714

Մեկնաբանություններ