ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

«Հայկական կեանք»

«Հայկական կեանք»
16.08.2026 | 13:38

Ալեքսանդր Մանթաշյանցի մահվանից անմիջապես հետո գրված ներքո հրապարակման հեղինակը Թիֆլիսի «Մշակ» օրաթերթի համախմբագիր Համբարձում Առաքելյանն է։ Թեպետ որոշ անճշտությունների, այստեղ կան խիստ գնահատելի դիտարկումներ։

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵԱՆՔ

Ներկայ ապրիլ ամսին մեր ռուսահայերի կեանքի մէջ տեղի ունեցած գլխաւոր դէպքերն, անկասկած, կազմում են ա/ կապիտալիստ-նաւթարդիւնաբերող Ալէքսանդր Յովհաննիսեան Մանթաշեանի մահը և թաղումը, որ տեղի ունեցաւ ապրիլի 30-ին, Թիֆլիսի Վանքի մայր եկեղեցու բակում, արտասովոր շուքով և հանդիսաւորութեամբ, և բ/ հին-նախիջևանցի և Արմաւիրում վերաբնակեալ Յ․ Յարութիւնեանց անունով մի հայ վաճառականի խոշոր նուիրատտւութիւնը /200․000 րուբլի/՝ Հին-Նախիջևանում գիւղատնտեսական դպրոց հիմնելու համար։

Ալէքսանդր Յ․ Մանթաշեան կապիտալիստական աշխարհի խոշոր և ցայտուն ներկայացուցիչներից ու դէմքերից մինն էր, իսկ հայկական աշխարհում ամենահարուստ հայը, միևնոյն ժամանակ ամենախոշոր բարեգործը։ Եւ եթէ եւրօպական կապիտալիստական աշխարհում նա հռչակ էր ստացել իբրև դասակարգի խոշոր և իր առևտրական ծրագիրներով, գործունէութիւններով խիզախ և համարձակ դէմքերից մինը, հայկական աշխարհում նա հռչակուել էր գլխաւորապէս բարեգործական ձեռնարկութիւնների մէջ։ Ալ․ Մանթաշեանը հասկացել էր և ըմբռնել այն ճշմարտութիւնը,-ճշմարտութիւն՝ որ թէև տարրական ու անվիճելի, բայց կապիտալիստների և հարուստների մեծագոյն մասի համար անհասկանալի և անըմբռնելի մնացած,-թէ խոշոր արդիւնաբերական ձեռնարկութիւնների տէրերը, որոնք հարստանում են շնորհիւ բանուորների աշխատութեան, բարոյապէս պարտաւոր են մասն և բաժին հանել բանուորների ճակատի քրտինքով դիզած իրանց հարստութիւնից յօգուտ հասարակական, ժողովրդական և կրթական պէտքերի, կարիքների կամ այլ խօսքերով՝ հատուցումն տալ մասամբ և բանուորների կարիքներին։

Ճիշտ է, Ալէքսանդր Մանթաշեանը չհանդիսացաւ հայկական Անդրեյ Կարնէջի , բայց նախ նա չունէր և Անդրեյ Կարնէջիի միլիարդաւոր հարստութիւնը, իսկ երրորդ՝ հայերի մէջ, յամենայն դէպս, իբրև բարեգործ կապիտալիստ նա առաջինն է։ Եւ ոչ մի հայ հարուստ կենդանութեան ժամանակ այնքան լայն չբացեց իր քսակը բարեգործական, ազգային և կրթական նպատակների համար, ինչպէս Ալ․ Մանթաշեանը։ Իր բարեգործութիւնները և նուէրները նա ամենից առաջ կատարում էր իբրև հայ-քրիստոնեայ և ապա իբրև մարդ։ Առաջին խոշոր նուիրատւութիւնը նա կատարեց՝ կառուցանելով իր ծախքով հայոց եկեղեցի Պարիզում, ծախսելով նրա շինարարութեան վրայ մի միլիօն ֆրանք, որ նրա համար, համեմատութեամբ այն ժամանակ ունեցած հարստութեան, խոշոր և մեծ զոհաբերութիւն էր։ Նրան շատ հաճելի էր, որ աշխարհիս մայրաքաղաքում, քաղաքակրթութեան և անհաւատութեան որրանում – որպիսի համարվում է Պարիզը – հայի, այն ևս հաւատացեալ և ջերմեռանդ քրիստոնեայի՝ որպիսին իրան համարում և զգում էր Մանթաշեանը, ձեռքով բարձր ի գլուխ կանգնած լինի հայկական ճարտարապետական ոճով հայկական եկեղեցի։ Երկրորդ խոշոր նուիրատւութիւնը եղաւ Թիֆլիսի Վանքի մայր եկեղեցու վերանորոգութեան համար /65․000 ր․/։ Երրորդ խոշոր նուիրաբերութիւնը եղաւ Էջմիածնի տաճարի վերանորոգութեան համար /50․000 ր․/։ Չորրորդ՝ ամենախոշոր նուիրատւութիւնն եղաւ Ներսիսեան դպրոցի նոր շէնքի կառուցման համար /250․000 ր․/։ Եւ, վերջապէս, հինգերորդ խոշորագոյն նուիրատւութիւնը Էջմիածնում նոր կաթողիկոսարան կամ վեհարան շինելու համար /200․000 ր․/։ Եւ ուրեմն ազգային-եկեղեցական կամ հոգևոր հաստատութիւնների համար Ա․ Մանթաշեանը նուրաբերեց 935․000 ր․ գումար։ Ապա 665․000 րուբլի ևս նա նուիրել է զանազան կուլտուրական, կրթական և բարեգործական նպատակներով, այսպէս օրինակ՝ 1/ Առևտրական դպրոցի շինութեան համար՝ 80․000 ր․, փոքրահասակ յանցաւորների կօլօնիայի շինութեան համար՝ 40․000 ր․, Հայոց Դրամատիքական Ընկերութեանը մի քանի տարիների ընթացքում տրուած և տրուելի՝ 65․000 ր․, Կ․ Հ․ Բարեգ․ Ընկերութեանը՝ 20․000 ր․, Նպաստամատոյց Յանձնաժողովին՝ 10․000 ր․, թոշակաւորների պահպանութեան զանազան կրթական հաստատութիւնների մէջ՝ մի շարք տարիների ընթացքում՝ 400․000 ր․, և այլևայլ՝ յօգուտ աղէտեալների, տառապեալների՝ 50․000 ր․։ Ուրեմն ընդամենը, իր կենդանութեան ժամանակ, նա տուել է 1․600․000 րուբլի։ Բացի դրանից, չպէտք է մոռանալ, որ Ա․ Մանթաշեան օգնութիւն է մատուցել և մեր գրողներին, օրինակ՝ Ալէքսանդր Երիցեան, Մինաս Չէրազ, Շիրվանզադէ, Պ․ Պռօշեան, Արշակ Չօպանեան և ուրիշներ այս կամ այն ձևով մեծ նպաստներ են ընդունել նրանից։ Նա գնել է Ալ․ Երիցեանի մատենադարանը և նուիրել Էջմիածնին։ Եթէ այդ նպաստները և շատ անյայտ մնացածները ևս հաշուենք ամենաքիչը՝ 200․000 րուբլի և աւելացնենք դրա վրայ այժմ կտակով բարեգործական նպատակով թողած 200․000 ր․, մենք կունենանք երկու միլիօն րուբլու մի գումար, որ Մանթաշեան տուել է բարեգործական նպատակով։

Ընդունելով որ նրա թողած ամբողջ կարողութիւնը 20 միլիօն է, մենք տեսնում ենք, որ նա իր կարողութեան 10% յատկացրել է բարեգործական նպատակների։ Չենք կարծում, որ հայ կապիտալիստների և հարուստների մէջ գտնուեն ուրիշներ, որոնք սրա կէսն անգամ արած լինեն։

Ընդունում ենք, որ մեզ կարող են առարկել, թէ նուիրատւութիւնների մեծ մասը գործադրուած է եկեղեցիների շինութեան կամ վերանորոգութեան վրայ․ մենք գիտենք, որ կան մարդիկ, որոնք եկեղեցի կառուցանելը, տաճարներ վերանորոգելը բարեգործութիւն չեն համարում․ մենք գիտենք, որ կը լինեն ասողներ, թէ այդպիսի ծախսեր Մանթաշեանը կատարում էր անձնական փառասիրութեան համար․ կը լինեն առարկողներ, թէ նա ոչինչ չկատարեց յօգուտ այն հազարաւոր բանուորների, որոնց ճակատի քրտինքով դիզել է հարստութեան մեծ մասը։ Սակայն մենք պէտք է ընդունենք Ալ․ Մանթաշեանին այնպէս, ինչպէս նա կար, և մենք կը տեսնենք, որ նրա՝ յօգուտ եկեղեցիների և տաճարների տուածը ոչ թէ փառասիրութեան արդիւնք էր, այլ համոզման, անկեղծ զգացումների և հետևանք այն գաղափարի, որ նա ունէր հայութեան և ազգութեան մասին։ Ալ․ Մանթաշեանը հայ էր, բայց հայ-քրիստոնեայ, այսինքն մինը այն հայերից, որոնց համար հայութիւնն ու եկեղեցին միևնոյն գաղափարներն են, իրարից անբաժանելի, իրար միացած և շաղկապուած, առանց եկեղեցու՝ հայութիւնը աներևակայելի էր Մանթաշեանի համար, և հայութեան գոյութիւնը, պահպանութիւնը նա եկեղեցու մէջ էր տեսնում, ուստի և հէնց Պարիզի պէս քաղաքում նա հայութիւնը պահպանելու, հայութիւնը ներկայացնելու միակ միջոցը համարում էր եկեղեցին։ Այդ զգացումը խոր էր նրա մէջ մինչև այն աստիճան, որ նա իր կտակով արգելում է իր զաւակներին և թոռներին՝ ամուսնանալ ոչ-լուսաւորչականի հետ։

Այդ զգացումը կարող է շատերի կողմից համակրելի չլինել, բայց նա անկեղծ է, արդիւնք խորին համոզմունքի և ոչ փառասիրութեան, ուստի և արժանի յարգանքի։

Երանի թէ մեր բոլոր հարուստները իրանց կարողութեան ոչ թէ 10, այլ 5%-ը տային ազգային և բարեգործական նպատակներով։

Ալ․ Մանթաշեան կատարեց այն, ինչ որ կարող էր։ Այո, նա աւելին կարող էր կատարել, բայց և այն, ինչ նա արաւ, իրաւունք է տալիս մեզ քաղցրութեամբ յիշելու նրա անունը և մաղթելու, որ նրա զաւակները հետևեն իրանց հօր շաւղին և լինեն հայութեան և մարդկութեան համար պիտանի, օգտակար անդամներ և հօր բարեգործութիւնների շարունակող։

Խաչատուր Դադայան

Դիտվել է՝ 511

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ