«Երանի խաղաղարարաց, զի նոքա որդիք Աստուծոյ կոչեսցին» (Մտթ․ Ե 9)։
2020 թ․ սեպտեմբերի 2-ին՝ Արցախյան երրորդ պատերազմից առաջ, հրապարակվեց իմ և գործընկերներիս հետազոտության հիման վրա նկարահանված «Պատմության առջև» ֆիլմը։ Ֆիլմի թեման Արցախյան առաջին պատերազմն է։ Դրանում նկարահանվել և միմյանց հանդեպ գովեստի խոսքեր են ասել մարդիկ, որոնց փոխհարաբերությունները դժվար էր սահմանել որպես գերջերմագին։ Դիցուք՝ Ռոբերտ Քոչարյանը բարձր էր արտահայտվում Վազգեն Մանուկյանի մասին, Բորիս Առուշանյանն ու Սերժ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Բաբայանը՝ «հայաստանցի» զինծառայողների մասին։ Շատերը զարմանում էին, թե ինչպես ենք կարողացել այդ բոլոր մարդկանց մասնակցությամբ ֆիլմ ստանալ։ Գաղտնիքը ոչ այնքան նվաստիս ջանքերն էին, այլ այն, որ անկախ անձնական բարդություններից՝ կենդանի էր այն գործը, որ աներևութաբար միավորում էր այդ մարդկանց՝ Արցախյան շարժումը և դրա արգասիք հանդիսացող ազատագրված Արցախը։
Այսօր ՀՀ դե-ֆակտո իշխանությունները պայքարում են հայությանը, այդ թվում՝ նրա էլիտային միավորող վերջին հենասյուները քանդելու համար։ Ըստ էության՝ նրանք պայքարում են Հայաստանը քանդելու համար, որովհետև Հայաստան նշանակում է պայքար հայկական հավաքական իրավունքների համար, ինչը մեր օրերում Արցախյան շարժումն է։ Եթե Արցախյան շարժումը «փակվում է», ուրեմն «փակվում է» նաև Հայաստանը։ Եվ առաջին հերթին հենց այստե՛ղ, այլ ոչ թե անձնական բարդությունների մեջ պետք է փնտրել մեր ազգային էլիտայի ներկայիս պառակտվածության պատճառները։
Հաշվի առնելով Հայաստանի ռազմավարական միջավայրի նման վիճակը՝ կարող եմ առաջարկել մի հիպոթետիկ սցենար, որ նախընտրական շրջանում թույլ կտա արդյունավետ գործել Արցախյան շարժումն էլիտայի մակարդակում վերակենդանացնելու նպատակով։ Այդ սցենարը կյանքի կկոչվի, եթե
ա) ՀՀԿ-ն իր իսկ ստանձնած համաընդդիմադիր առաքելության շրջանակներում կուսակցության ղեկավարի գլխավորությամբ կոչ անի քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին՝ հանուն Հայաստանի, այսինքն՝ հանուն Արցախյան շարժման,
բ) «Հայաստան» դաշինքն իր առաջնորդի գլխավորությամբ ընդունի և իր աջակիցներին էլ բացատրի, որ իրենց ստացած քվեներն ապահովվել են նաև ՀՀԿ-ի շնորհիվ, որը դա արել է՝ հանուն Հայաստանի, այսինքն՝ հանուն Արցախյան շարժման։
Եվ կիրականանա մարգարեի խոսքը, թե «… եւ ոչ եւս եղիցին յերկուս ազգս, եւ ոչ եւս բաժանեսցին յերկուս թագաւորութիւնս» (Եզկ․ ԼԷ 22)։
Մի՛ շտապեք կարծել, թե սա սոսկ ազգային-բարոյական հրապարակախոսություն է։ Այդպիսին լինելուց զատ՝ սա նախ և առաջ թվաբանություն է։ Նշածս երկու ուժերի կողմից նման վարքը, տնտեսագիտորեն ասած, կբերի ըստ Պարետոյի արդյունավետ վիճակի։ Սա համակարգի մի վիճակ է, երբ անհնար է մի փոփոխական լավացնելով՝ չվնասել մեկ այլ փոփոխականի։ Է՛լ ավելի պարզ ասած՝ առաջատար ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանը» բոլոր պարագաներում անցնում է խորհրդարան, և դա գիտեն նաև ՀՀԿ-ում։ Իր ճեպազրույցի ժամանակ ՀՀԿ ղեկավարը ցանկություն հայտնեց, որ «Հայաստան» դաշինքը կարողանա անցնել խորհրդարան։ Ըստ որում՝ դա ասվեց իր իսկ կողմից չհերքվող կոնտեքստում, ըստ որի՝ իրենց շրջանակներում կա մտավախություն «Հայաստան» դաշինքի անցողիկության առթիվ։ Անգամ եթե ՀՀԿ-ում այդպիսի մտավախություն կա նաև այլ ազգային ուժերի՝ կուսակցությունների, անցողիկության հետ կապված, միևնույնն է՝ ՀՀԿ-ի կողմից օպտիմալ ստրատեգիան «Հայաստան» դաշինքին աջակցելն է։ Պատճառը պարզ է․ հաշվի առնելով դաշինքի համար սահմանված 8% անցողիկ շեմը, այդպես ավելի շատ ընդդիմադիր քվեներ կփրկվեն՝ փոխարկվելով կոալիցիայի համար անհրաժեշտ ավելի շատ մանդատաքանակի։ 8%-ից 1 ձայն պակասը>4%-ից 1 ձայն պակասից։
Մի՛ շտապեք նաև կարծել, թե հարցը միայն քվեների քանակի մասին է։ Բնավ։ Ավելին՝ միամտություն կլինի կարծել, թե տարիների փոխադարձ թիրախավորումներից հետո նույնիսկ ՀՀԿ ղեկավարի կոչի պարագայում իրենց ձայներն ինքնաբերաբար կհորդեն դեպի «Հայաստան» դաշինք։ Այստեղ քանակից զատ և թերևս դրանից առավել էական է հարցի որակական կողմը, այն է՝ մեր բոլոր թշնամիներին ցույց տալը, որ Հայաստանը, այսինքն՝ Արցախյան շարժումը, փակված չէ և ի վիճակի է համախմբել հայկական էլիտային և նրան հետևող ժողովրդին։
Ավելորդ վեճի և պրովոկացիայի տեղիք չտալու համար նշեմ, որ գրածս չի նշանակում, թե, մոդայիկ բառով ասած, «գնդակը ՀՀԿ դաշտում է»։ Այդպես կլիներ, եթե այս մոդելավորված խաղը «ֆուտբոլ» լիներ։ Բայց սա «ֆուտբոլ» չէ, այլ համադրման խաղ բազմակի հավասարակշռությամբ կամ եթե կուզեք՝ «եղնիկի որս» (stag hunt)։ Պարզ ասած՝ այլաբանական «գնդակները» միաժամանակ երկուսի դաշտում են։ Անորոշության և փոխադարձ անվստահության պայմաններում երկուսը միաժամանակ պետք է որոշում կայացնեն՝ մեկը՝ պատրաստ տալու՝ հանուն Հայաստանի, մյուսը՝ պատրաստ ընդունելու, որ իրեն տրվածն իրեն չէ, որ տրված է, այլ Հայաստանին։ Առանց այս համադրման ազգային պառակտվածությունը և ձախողումը կարող են դառնալ շոշափելի։
Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ
Հ․Գ․
Որքան էլ մերօրյա նեղ տեսանկյունից գրածս անհավանական երևա, իրերի դրությունն այս է։ Լավ եմ հասկանում, որ քչերը կհասկանան գրածս՝ ըստ բովանդակության։ Շատերը կփորձեն գոյություն չունեցող ենթանպատակներ ու «ականջներ» որոնել այս տեքստի հետևում։ Ըմբռնումով եմ մոտենում, քանզի երբ գերագույն նպատակը հայրենիքի փրկությունն է, մնացյալ ամեն ինչ անկարևոր է։